1 հուլիսի 2025 - 10:30 AMT
Արամ Ա-ի պատվիրակներն այցելել են Մայր Աթոռ, ներկայացրել իրավիճակից դուրս գալու նրա պատկերացումները

Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ներկայացուցիչները՝ Կաթողիկոսարանի «Կիլիկիա» մատենադարանի տեսուչ Գերաշնորհ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանն ու Կաթողիկոսարանի դիվանապետ Գերաշնորհ Տեր Տաճատ եպիսկոպոս Աշըգյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։

Նրանք Վեհափառ Հայրապետին են փոխանցել Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի մտահոգություններն ու ստեղծված իրավիճակից դուրս գալու նրա պատկերացումները։

Արամ Ա-ի ներկայացուցիչները նաև լսել են Գարեգին Երկրորդի մտահոգություններն ու տեսակետները։

Երկու սրբազան հայրերը, հանուն Վեհափառ հայրապետի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, շեշտել են հայ եկեղեցին ամուր ու կազմակերպ պահելու հրամայականը՝ իր հոգևոր առաքելության ու ազգային ծառայության մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։