1 հուլիսի 2025 - 10:55 AMT
Կարապետյանը ներդրումային վեճ սկսելու ծանուցում է ուղարկել ՀՀ պետմարմիններին

Հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանը՝ իր ընտանիքի անդամների հետ, պաշտոնապես ծանուցել է ՀՀ իշխանություններին ներդրումային վեճ սկսելու մասին։ Այդ մասին ասվում է «Տաշիր» ընկերությունների խմբի տարածած հայտարարության մեջ։

Ծանուցումը հիմնված է Հայաստանի ու Կիպրոսի միջև 1995 թվականի հունվարի 18-ին կնքված ներդրումների խթանման ու պաշտպանության մասին համաձայնագրի վրա։

Այդ համաձայնագիրը ներդրողներին հնարավորություն է տալիս դիմել միջազգային արբիտրաժ՝ պետության կողմից իրենց իրավունքների խախտման դեպքում։ Նման գործընթացները բացասական ազդեցություն են ունենում երկրի ներդրումային գրավչության վրա։

Ըստ Կարապետյանների ընտանիքի՝ վեճը ծագել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Սամվել Կարապետյանի և նրա բիզնեսների դեմ ձեռնարկված քայլերի հետևանքով։

Ավելի վաղ՝ 2025 թվականի հունիսի սկզբին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսին բարոյական զանցանքների մեջ և պահանջել վերջինիս հրաժարականը։ Սամվել Կարապետյանը, լինելով Հայ Առաքելական Եկեղեցու երկարամյա հետեւորդ, իր հարցազրույցում հրապարակավ պաշտպանել էր Եկեղեցուն։

Վարչապետի արձագանքը չուշացավ. Նիկոլ Փաշինյանը Կարապետյանի հասցեին մի շարք սպառնալիքներ հրապարակեց Ֆեյսբուքում, իսկ արդեն հունիսի 17-ին, ոստիկանությունը խուզարկություն իրականացրեց «Տաշիր» ընկերությունների նախագահի տանը։ Կարապետյանը ձերբակալվեց և նրան ապօրինի մեղադրանք առաջադրվեց իշխանությունը բռնազավթելու հրապարակային կոչ անելու մեջ։ Հունիսի 18-ին Երևանի առաջին ատյանի քրեական դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանքը՝ մինչև դատավարությունը։

Նույն օրը վարչապետը հայտարարեց, որ Կարապետյանների ընտանիքին պատկանող, այդ թվում՝ Կիպրոսում գրանցված Liormand Holdings Limited ընկերության միջոցով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության ազգայնացման մասին։

Վարչապետի հրապարակումից հետո պետական ​​ապարատը արագ մոբիլիզացվեց՝ ՀԷՑ-ի վրա ճնշում գործադրելու և ընկերության նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։ Մի քանի օրվա ընթացքում մշակվեցին և Ազգային ժողով ներկայացվեցին օրինագծեր, որոնք հնարավորություն են տալիս բռնագրավել ՀԷՑ-ը պետության օգտին։ Վարչապետի պահանջով Ազգային ժողովի արտահերթ նիստը տեղի կունենա 2025 թվականի հուլիսի 1-ին։

Ներդրումային վեճի մասին ծանուցումը նախազգուշացնող բնույթ է կրում։ Դրանում բաժնետերերը պնդում են, որ ՀՀ պաշտոնյաների գործողությունները կամայական են, խտրական, քաղաքական դրդապատճառներով և ուղղված են ՀԷՑ-ի միջոցով Կարապետյանների ընտանիքին սեփականությունից զրկելուն։ Բաժնետերերի խոսքով՝ այս գործողությունները խախտում են 1995 թվականի հունվարի 18-ին Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ կնքված համաձայնագրով ստանձնած մի շարք պարտավորություններ, որոնք պետությունը պետք է կատարի։

Առաջին հերթին, Հայաստանի պետական պաշտոնյաները արդար և հավասար վերաբերմունք, ինչպես նաև լիարժեք պաշտպանություն և անվտանգություն Կարապետյանների ընտանիքի և նրանց ներդրումների համար Հայաստանում չեն ապահովել։ Երկրորդ՝ համաձայնագրի խախտմամբ ՀՀ պետական մարմինները ձեռնարկում են քայլեր ՀԷՑ-ի նկատմամբ վերահսկողություն սահմանելու ուղղությամբ, ինչը հավասարազոր է ներդրումների բռնագրավման։

Եթե պատկան մարմինները շարունակեն խախտել համաձայնագրով և միջազգային իրավունքով իրենց ստանձնած պարտավորությունները, Հայաստանն առերեսվելու է միջազգային արբիտրաժային վարույթի և դրա արդյունքում ամբողջական փոխհատուցում վճարելու պարտավորության հետ։

Ներկայումս Հայաստանն արդեն իսկ բախվում է մի քանի միջազգային արբիտրաժային հայցերի՝ Կիպրոսի, ԱՄՆ-ի, Կանադայի և Լիբանանի ներդրողների կողմից: Այս պահանջները Հայաստանի իշխանությունների կողմից օտարերկրյա ներդրողներին վտարելու և նրանց օրինական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու անօրինական գործողություններիարդյունքեն»,- ասվում է հայտարարության մեջ։

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀԷՑ-ի պետականացման նպատակով առաջ քաշված օրենսդրական նախաձեռնությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը։

Հուլիսի 1–ին Ազգային ժողովում կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ նստաշրջան, որի ընթացքում պատրաստվում են կյանքի կոչել ՀԷՑ-ի ազգայնացման նախագիծը։

«ՀԷՑ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը խլելու համար նախատեսվել է ժամանակավոր կառավարիչ նշանակելու լիազորություն, ինչն ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին և իրենից ներկայացնում է բացահայտ սեփականազրկում«–ասվում է գրառման մեջ։

Մելոյանը նշել է, որ նախագծի ընդունման դեպքում, ստացվելու է, որ մեկ պետական պաշտոնյան նշանակելու է մասնավոր ընկերության կառավարիչ, ում անցնելու են մասնավոր ընկերության տնօրենի բոլոր լիազորությունները, իսկ եռաստիճան կորպորատիվ կառավարման մյուս երկու մարմինները՝ խորհուրդը և բաժնետերերի ընդհանուր ժողովը զրկվելու են իրենց բոլոր լիազորություններից։

«Այսինքն՝ ընկերության բաժնետերը՝ որպես սեփականատեր և ընկերության բարձրագույն մարմինը, չեն կարողանալու ինքնուրույն իրականացնել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրենց ավելի քան երկու տասնյակ լիազորություններից որևէ մեկը, ինչպես օրինակ՝ կանոնադրության փոփոխությունը, կանոնադրական կապիտալի լրացումը, տնօրենի փոփոխությունը և այլն։

Նման կոպիտ միջամտությունն իր էությամբ և բնույթով հավասար է բաժենետերերի սեփականության իրավունքից զրկելուն՝ առանց պահպանելու Սահմանադրության սահմանված երաշխիքները և սահմանափակումները»,-գրել է Մելոյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։ Մինչ այդ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԺ-ում արդեն շրջանառվում է ՀԷՑ-ի ազգայնացման մասին օրինագիծ։ Նա հավելել է, որ «եկեղեցին, տվյալ դեպքում, ՀԷՑ-ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար, ընդամենը ծխածածկույթ է, ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել»։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն հունիսի 18–ի նիստում որոշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պարտավորեցնել 10 միլիոն դրամի չափով տուգանք վճարել: