1 հուլիսի 2025 - 10:59 AMT
Փաշինյանը միջազգային գիտաժողովում անդրադարձել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը

Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացած Հանրային հարցերի բարոյագիտական կենտրոնի միջազգային գիտաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը։

Ելույթից հետո նա նաև պատասխանել է լսարանի հարցերին։ Հարցադրումները վերաբերել են ներկայացված թեզերին, Հայաստանի առջև ծառացած հիմնական մարտահրավերներին, ինչպես նաև այդ խնդիրների լուծման ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերին և ռազմավարական պատկերացումներին։

Գիտաժողովի շրջանակում քննարկման առանցքում գտնվել են ազգային ինքնության դերի, նշանակության ու ձևավորման վերաբերյալ հարցեր, որոնք համատեքստավորվել են ժամանակակից գլոբալ իրողությունների հետ։ Միջոցառմանը մասնակցել են հրավիրյալ մասնակիցներ Հայաստանից, Շվեդիայից և Միացյալ Թագավորությունից։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով «Իրական Հայաստան» գաղափարախոսության դրույթները, շեշտել էր նոր Սահմանադրության ընդունման կարևորությունը։ Վարչապետն ընդգծել է, որ համաժողովրդական հանրաքվեի միջոցով նոր Սահմանադրության ընդունումը կարևոր է, քանի որ նախկին հանրաքվեների նկատմամբ առկա է լեգիտիմության լուրջ պակաս՝ հանրային ընկալման տեսանկյունից:

Փաշինյանը նշել է, որ նոր Սահմանադրության գլխավոր նպատակն է հեռանալ «պետականազուրկ ազգի մնացորդային գործելակերպից և ձևավորել պետականակերտ ժողովրդի գործելակարգ»՝ հիմնված սահմանադրական համերաշխության և ժողովրդավարական մասնակցության վրա: