Միլանի «Ինտերը» աշխարհի ակումբային առաջնությունից հետո կորոշի Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի և մի շարք այլ փորձառու ֆուտբոլիստների հետագա ճակատագիրը: Այս մասին գրում է իտալական FCInterNews պարբերականը։
Նշվում է, որ չնայած կազմը երիտասարդացնելու քաղաքականությանը, Մխիթարյանը շարունակում է կարևոր դեր խաղալ թիմում: Նախորդ մրցաշրջանում «Ինտերի» կազմն ամենատարեցն էր, սակայն ակումբի նոր սեփականատերը՝ Oaktree Capital-ը, մտադիր է իջեցնել թիմի միջին տարիքը՝ հնարավորություն տալով երիտասարդ ֆուտբոլիստներին, հայտնում է Sputnik Արմենիան։
«Այնուամենայնիվ, աշխարհի ակումբային առաջնությունը ցույց տվեց, որ Մխիթարյանի նման փորձառու ֆուտբոլիստները դեռևս արժեքավոր են: Առաջնության երկու հանդիպման նա մասնակցել է որպես հիմնական կազմի խաղացող, իսկ մեկում՝ դուրս եկել փոխարինման։ Ու թեև աչքի ընկան երիտասարդ Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն, Վալենտին Կարբոնին, Պետար Սուչիչը և Լուիս Էնրիկեն, սակայն գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն վճռական պահերին վստահում էր Մխիթարյանին», - գրում է պարբերականը:
Ըստ աղբյուրի՝ հայ կիսապաշտպանի դիրքերն ավելի ամուր են «Ինտերում»՝ համեմատած Ֆրանչեսկո Աչերբիի հետ, ում հնարավոր հեռացման մասին խոսակցությունները արդեն թափ են հավաքում, ինչպես նաև Մատեո Դարմիանի, որի ապագան, ամենայն հավանականությամբ, կսահմանափակվի պահեստայինի կարգավիճակով։
«Չնայած կիսապաշտպանությունում մրցակցության աճին և Մխիթարյանի խաղաժամանակի կրճատմանը, «Ինտերը» ցանկանում է, որ նա մնա: Ակումբը վստահ է, որ նույնիսկ առանց հիմնական կազմի խաղացողի կարգավիճակի Մխիթարյանը կարող է արժեքավոր լինել ոչ միայն խաղադաշտում, այլև հանդերձարանում», - գրում է պարբերականը:
Նշվում է նաև, որ Հենրիխ Մխիթարյանը ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում՝ «Ինտերի» կազմում մասնակցելով աշխարհի ակումբային առաջնությանը։