ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ և ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը ԵԱՀԿ ԽՎ 32-րդ տարեկան նստաշրջանի քաղաքական և անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստում ունեցած ելույթում ասել է, որ խաղաղության օրակարգը չպետք է ծանրաբեռնենք նոր թեմաներով, նոր նախապայմաններով։
Նա նշել է, որ Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագրի ստորագրմանը խոչընդոտող հանգամանքներ չկան։
«ՀՀ–ն ու Ադրբեջանն այս տարվա սկզբին հայտարարեցին, որ խաղաղության պայմանագրի նախագծի տեքստը պատրաստ է, և Հայաստանն առաջարկել է սկսել քննարկումներ դրա ստորագրման օրվա եւ վայրի վերաբերյալ: Համաձայն եմ այն գնահատականի հետ, որ անհրաժեշտ է օգտագործել հնարավորության պատուհանը՝ ստորագրելու և վավերացնելու այդ համաձայնագիրը, ինչպես նշվում է Ձեր բանաձեւում և ինչպես հենց նոր նշեց ադրբեջանցի իմ գործընկերը:
Հայաստանը բազմիցս հայտնել է, որ պատրաստ է հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության պայմանագիրը և հաստատել միջպետական հարաբերություններ մեր երկու երկրների միջեւ: Հայաստանը պատրաստ է ստորագրել այսօր: Հայաստանը պատրաստ էր ստորագրել այն երեկ: Դրա համար այլևս խոչընդոտներ չկան: Կրկնում եմ՝ այլևս խոչընդոտներ չկան:
Եվ մենք չպետք է ծանրաբեռնենք խաղաղության օրակարգը նոր թեմաներով, նոր նախապայմաններով: Պայմանագրի տեքստը կարող է ծառայել որպես ամուր հիմք՝ հարաբերությունների կարգավորման եւ երկխոսության շարունակման համար: Ակնհայտ է, որ կան մի շարք բաց հարցեր, որոնք պետք է լուծվեն: Ակնհայտ է, որ երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք: Ես կարծում եմ՝ մեր հարաբերությունների ինստիտուցիոնալացումը համաձայնագրի ստորագրման ու վավերացման միջոցով, ամենակարևոր նախապայմանն է երկխոսություն և վստահություն կառուցելու համար:
Ներկայիս աշխարհաքաղաքական խառնաշփոթի և ճգնաժամի պայմաններում, և երբ մենք նշում ենք Հելսինկյան եզրափակիչ ակտի 50-ամյակը, մենք լավ նորությունների և հաջողության պատմությունների կարիք ունենք: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կարող է լինել այդպիսի հաջողության պատմություն»,–ասել է նա։
Խանդանյանը նաև շեշտել է, որ ներկայիս պայմաններում խաղաղության հաստատումը կարող է հանդես գալ որպես դրական օրինակ ԵԱՀԿ տարածաշրջանի համար՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական լարվածության ֆոնն ու տարածաշրջանային զարգացման հրատապությունը։
Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:
Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։