1 հուլիսի 2025 - 11:58 AMT
Հունաստանի հայերի միությունը դատապարտել է արտաքին ուժերի հովանավորությամբ՝ ՀՀ-ում հեղաշրջման ծրագրերը

Հունաստանի հայերի միությունն իր հայտարարությամբ աջակցությունն է հայտնել ՀՀ ժողովրդավարական հիմունքներով ընտրված իշխանություններին և «դատապարտել արտաքին ուժերի հովանավորությունը վայելող շրջանակների գործունեությունը և նրանց՝ օրինական իշխանության դեմ զինված հեղաշրջում իրականացնելու ծրագրերը», գրում է Արմենպրեսը։

«Տեղին է հիշել, որ հեղաշրջում ծրագրող ուժերը այն նույն շրջանակներն են, որ այս կամ այն կերպ փոխկապակցված են 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային Ժողովում ահաբեկչություն իրականացնողների հետ, որտեղ սպանվեցին երկրի ութ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ այդ թվում վարչապետը, ԱԺ-ի նախագահը, ԱԺ փոխնախագահները, նախարարներ և պատգամավորներ: Ավելին՝ 2008 թվականին, Երևանի փողոցներում ցուցարարների վրա կրակելու հրաման տված և 10 քաղաքացիների սպանության համար դեռևս չպատժված նախկին պաշտոնյաներ, այժմ էլ՝ կամ ուղիղ կամ քողարկված իրենց մասնակցությամբ, նախապատրաստվում էին նույն մեթոդներով հեղաշրջում իրականացնել։

Հայաստանի իշխանությունները 2018 թվականի դեկտեմբերին և 2021 թվականի հունիսի արտահերթ ընտրություններում ընտրողների ավելի քան 70 և 50 տոկոսի քվեն ստացած, ժողովրդավարական հիմունքներով ընտրված իշխանություն են։ Ըստ այդմ՝ մենք դատապարտում ենք այն բոլոր ապօրինի գործողությունները, ինչպես նաև Հայաստանից ներս կամ դուրս տարածվող աղմկահարույց տեղեկատվական արշավները, որոնք փորձում են հեղաշրջում պատրաստող տարրերի ձերբակալություններն ու հետապնդումները ներկայացնել որպես քաղաքական ընդդիմության հալածանք։

ՀՀ բոլոր քաղաքական ուժերը մեկ տարի անց հնարավորություն ունեն մասնակցելու ազատ խորհրդարանական ընտրությունների՝ իրենց գործունեությունը հանձնելով ժողովրդի դատին:

ՀՀՄ–ն հավատացած է, որ Հայաստանի օրինական իշխանության դեմ հեղաշրջման ծրագրերը` օտար ուժերի կողմից հովանավորվող ոտնձգություններ են՝ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, իսկ այդ գծով տեղեկատվական արշավները ոչ այլ ինչ են, քան միջազգային հանրային կարծիքը և ուշադրությունը շեղելու փորձեր»,–ասվում է հայտարարության մեջ։

Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։

Հունիսի 27–ի առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։ Ավելի ուշ նա ներկայացավ ՔԿ և դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով։ Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։