«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ԱԺ–ում ունեցած ելույթում հայտարարել է, որ կանխված հանցագործությունը հաջողվելու դեպքում «մի քանի անգամ ավելի ահասարսուռ ահաբեկչություն էր լինելու, քան հոկտեմբերի 27-ը»։
«Որովհետև հոկտեմբերի 27-ի ահաբեկչության թիրախները նստած էին այս դահլիճում՝ ՀՀ ղեկավարությունը։ Այս ահաբեկչության թիրախները այս դահլիճից դուրս գտնվող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին կարող էր լինել, յուրաքանչյուր քաղաքացի կարող էր դառնալ Բագրատ Գալստանյանի կողմից կազմակերպվող և ընդդիմության կողմից խրախուսվող ահաբեկչության թիրախը»,- մասնավորապես ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն։
Կոնջորյանը դիմել է քաղաքացիներին՝ ներկայացնելով, թե ըստ քրեական գործի, ինչ գործողություններ էին նախապատրաստվում։
«Նրանք պատրաստվում էին հրկիզել ավտոբուսներ, որոնց մեջ կարող էիք լինել դուք, սիրելի հայրենակիցներ, ձեր հարազատները։ Նրանք պատրաստվում էին ստեղծել շղթայական ավտովթարներ, որոնց մեջ կարող էիք լինել դուք և ձեր հարազատները, պատրաստվում էին երկրում ստեղծել համատարած քաոս և այդ պայմաններում պատերի տակ գյուլլել մարդկանց։ Եվ դուք կամ ձեր հարազատները կարող էիք պատահաբար հայտնվել սխալ պատերի տակ։ Կամ մեռնել կամ մեռցնել, ինչպես ասում էր Բագրատ Գալստանյանը»,- ասել է նա։
Կոնջորյանը հարց է ուղղել ընդդիմադիր պատգամավորներին՝ «նրանք է՞լ էին պատրաստվում պատերի տակ մարդ գյուլլել»։
«Դուք ընդամենը տեռորիզմի մեյքափն եք, տիկին Գրիգորյան և դուք բոլորդ։ Բագրատ Գալստանյանի բեք վոկալն էիք։ Դուք արդարացնում եք տեռորիզմը, ձեր խմբակցությունը պաշտոնապես արդարացրել և պաշտպանել է տեռորիզմը, պաշտպանել և արդարացրել եք ՀՀ քաղաքացիներին ավտոբուսների մեջ հրկիզելու սրբապիղծ տեռորիստական ակտը, որը, բարեբախտաբար, բացահայտվել է»,- եզրափակել է պատգամավորը։
Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։
Հունիսի 27–ի առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։ Ավելի ուշ նա ներկայացավ ՔԿ և դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով։ Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։