1 հուլիսի 2025 - 14:25 AMT
Գրիգորյան․ Թռնեք օդ, իջնեք ներքև, սա ՀԷՑ-ը խլելու մասին նախագիծ է

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի պետականացման օրինագիծը ընդգրկվել է քննարկման օրակարգ 3-ժամյա ընթացակարգով:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ասել է, որ «ՀԷՑ-ի խլման գործընթացը մեծ բացասական ազդեցություն է ունենալու ներդրումային մթնոլորտի վրա»։

«Թռնեք օդ, իջնեք ներքև, սա ՀԷՑ-ը խլելու մասին նախագիծ է, ինչքան էլ գեղեցիկ ձևակերպումներ փորձեք փաթեթավորել»,– ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Ըստ Գրիգորյանի՝ կառավարությունն առաջ է քաշել նախագիծը հրատապ կարգով քննարկելու անհրաժեշտությամբ, սակայն նա առաջարկել է հիմնավորել այդ հրատապությունը՝ ակնարկելով, որ հնարավոր պատճառը գործարար Սամվել Կարապետյանի՝ եկեղեցու պաշտպանության վերաբերյալ արած հայտարարությունն է, ինչը կարող էր ազդել կառավարության արձագանքի վրա։

«Ինչո՞ւ հրատապ։ Իմ պատասխանն, օրինակ, այն է, որ եղել է Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունը եկեղեցու պաշտպանության մասով և դա հրատապության է առաջացրել կառավարությունում։ Եթե այս մոտեցման հետ համաձայն չեք, հետևաբար, հիմնավորեք, թե ո՞րն է պատճառը, որ մենք այս նախագիծը պետք է հրատապ կերպով քննարկենք»,-ասել է նա։

Ի պատասխան՝ ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը նշել է, որ պատգամավորի օգտագործած արտահայտությունները, մասնավորապես՝ «խլել», նախագծում առկա չեն, և նախագիծը նպատակ ունի շարունակել էներգետիկ համակարգի բարեփոխումները ռազմավարական ոլորտում։

«Ձեր կողմից բարձրաձայնված հարցի վերաբերյալ նշեմ, որ այն արտահայտությունը, որը դուք թույլ տվեցիք՝ ՀԵՑ և խլել, նախագծին ծանոթացել եմ, երկու բառն էլ անծանոթ են, նախագծում առկա չեն։ Դա վերաբերում է, ընդհանուր առմամբ, էներգետիկ ոլորտի՝ որպես ռազմավարական նշանանություն ունեցող ոլորտի բարեփոխումների շարունակականությանը։

Վստահ եմ, որ բոլորդ տեղյակ եք, մենք այս ոլորտում ունենք բազմաթիվ խնդիրներ, այդ թվում կապված էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված։

Սա է հիմնականը։ Ռազմավարական ոլորտը հաշվի առնելով՝ կարծում ենք, նման հարցերին պետք է հրատապ լուծումներ տրվեն։ Դրա համար էլ այս նախաձեռնությունն այսօր ներկայացվում է և առաջարկվում է քննարկման»,-ասել է նա։

Գրիգորյանը հետաքրքրվել է, թե արդյոք մեկ ամիս, մեկ տարի առաջ չէին տեսնում ռկա խնդիրները։

«Օրենքի նախագծի էությանը և բովանդակությանը քննարկմանը կանդրադառնանք, ձեզնից պահանջվում էր ասել՝ ո՞րն է հրատապությունը։ Եթե հրատապության ձեր հիմնավորումն այն է, որ տեսնում եք խնդիրներ ՀԷՑ-ում, երեկ, այսօր դա տեսա՞ք։ Մեկ ամիս, մեկ տարի առաջ չէի՞ք տեսնում, հենց այսօր որոշեցիք հրատապ կերպով ներկայացնե՞լ»,–ասել է նա։

Սիմոնյանն պատասխանել է, որ խնդիրները վաղուց կան, բայց մի օր և, կարծում է, սա այդ օրերից մեկն է, այն խնդիրներին պետք է արագ լուծում տալ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն, անդրադառնալով քննարկման ընթացակարգին, խիստ կասկածելի է համարել այն, հայտնում է Sputnik Արմենիան։

«Նախագծերի փաթեթը 3– ժամյա ռեժիմով բերվել է ԱԺ, սակայն դուք ՏԿԵ նախարարությունը, կառավարության այս նախագծի վերաբերյալ նշել եք, որ այն լրամշակման կարիք ունի, մանավանդ նշել եք նաև ՀՀ պետական բյուջեի ծախսերի խիստ անորոշության մասին։ Այնպիսի ռազմավարական մի ոլորտ, որը վերաբերում է ՀՀ յուրաքաչյուր քաղաքացու, որը մտնելու է յուրաքանչյուր քաղաքացու գրպան, այդպես ոտքի վրա 3– ժամյա ռեժիմով բերել մի օրենք, դա անընդունելի է։ Մանավանդ, այն նաև վերաբերելու է ՀՀ և՛ ներդրումային մթնոլորտին, և՛ կառավարման համակարգին, և՛ էներգետիկայի ոլորտին»,– հայտարարել է Մանուկյանը։

Ի պատասխան՝ ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը ձեռնպահ է մնացել հստակ պարզաբանումներից՝ նշելով, որ ներկայացված բոլոր հարցերը առաջիկայում կդառնան քննարկման առարկա խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի նիստում։

«Ինչ վերաբերում է իմ անձնական կարծիքին, ապա ցանկացած ռազմավարական ոլորտ ունի կարևոր նշանակություն, և այդ ոլորտում իրականացվող վերահսկողությունը շատ կարևոր է։ Այն քայլերը, որոնք իրականացվում են, բխում են ՀՀ քաղաքացիների շահերից»,– ասել է Սիմոնյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։ Մինչ այդ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԺ-ում արդեն շրջանառվում է ՀԷՑ-ի ազգայնացման մասին օրինագիծ։ Նա հավելել է, որ «եկեղեցին, տվյալ դեպքում, ՀԷՑ-ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար, ընդամենը ծխածածկույթ է, ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել»։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն հունիսի 18–ի նիստում որոշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պարտավորեցնել 10 միլիոն դրամի չափով տուգանք վճարել: