1 հուլիսի 2025 - 14:28 AMT
ՔԿ նախագահ․ Մեր ձեռքի տակ են հայտնվել փաստական տվյալներ, այդ թվում Աջապահյանի օրագիրը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մանրամասնել է, թե ինչ կապ ունի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը Տավուշի թեմի և «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանի գործի հետ:

Ըստ Պողոսյանի՝ այս քրեական վարույթները պետք է դիտարկել մեկ ընդհանուր ամբողջական գործողությունների կատարման շղթայի համատեքստում, հայտնում է «Հայկական ժամանակը»։

«Բոլոր փաստական տվյալները գտնվել են նախաքննական մարմնի տրամադրության տակ․․․Ավելին՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում, երբ կատարել ենք նաև անհետաձգելի քննչական գործողություններ, մեր ձեռքի տակ հայտնվել են նաև որոշ փաստական տվյալներ, այդ թվում՝ նաև Միքայել Աջապահյանիօրագիրը, որտեղ ինքը յուրաքանչյուր օր արտացոլել է իր օրվա կատարված գործողությունը՝ սկսած 2022 թվականից վերջացրած վերջին ժամանակահատվածով:

Այնտեղ ուղիղ կապը Վազգեն Գալստանյանի հետ, թե ով պետք է գլխավորի շարժումը սկզբնական շրջանում, թե ով առաջարկեց, որպեսզի շարժումը գլխավորի, թե դրանից հետո, երբ շարժումը ձախողվեց, ինչ հանդիպումներ տեղի ունեցան, ինչու պլանավորվեց այս խոսակցություն, կոչով հանդես գալը և այլն:

Այդ պատճառով ես ի սկզբանե շեշտեցի, որ այս գործընթացը պետք է դիտարկենք մեկ ամբողջական շղթայի համատեքստում, և, բնականաբար, ձեռք բերված փաստական տվյալները հիմք հանդիսացան, որպեսզի քննիչը միջնորդություն ներկայացնի հսկող դատախազին և Աջապահյանի նկատմամբ նույնպես քրեական հետապնդում հարուցվի»,–ասել է նա։

Պողոսյանը հավելել է, որ երբ արդեն քննիչի որոշման հիման վրա պետք է ձերբակալման որոշում կայացվեր, Աջապահյանը դարձյալ վերահաստատել է իր այդ կոչը:

«Դա մենք դիտեցինք որպես ռիսկ, որպես նոր արարքի կատարման հավանականություն և դրա համար միջնորդեցինք, որպեսզի կալանքը որպես խափանման միջոց ընտրվի»,– մանրամասնել է Քննչական կոմիտեի նախագահը։

Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։

Հունիսի 27–ի առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։ Ավելի ուշ նա ներկայացավ ՔԿ և դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով։ Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։