1 հուլիսի 2025 - 14:44 AMT
Փաշինյան․ Եթե կաթողիկոսը չհեռացավ, իրար հետ եղբայրաբար կհեռացնենք, հարգելի ամուսնացյալ քահանաներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ամուսնացյալ քահանաների կողմից իր նախկին հայտարարության վերաբերյալ հնչեցրած քննադատությանը և կրկին խոսել կաթողիկոսին հեռացնելու մասին։

«Եթե կաթողիկոսը չհեռացավ, իրար հետ եղբայրաբար կհեռացնենք, հարգելի ամուսնացյալ քահանաներ»,–գրել է նա։

Նա նաև նշել է, որ ամուսնացյալ քահանաների մասին հարցադրում չէր արել, այլ պնդում։

«Մի շարք ամուսնացյալ քահանաներ իրենց վերադասի հրահանգով ու պարտադրանքով փորձել են վիճարկել երեկվա իմ հայտարարությունը, թե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են, որովհետեւ չեն խաբում ժողովրդին եւ Աստծուն։

Հարգելի Տեր հայրեր, ես հարցադրում չէի արել, ես արել էի պնդում եւ վերահաստատում եմ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր ամուսնացյալ քահանաներդ իմ եղբայրներն եք, ներառյալ բացասական հայտարարություններ անողներդ, որովհետեւ Դուք չեք խաբում ոչ ժողովրդին, ոչ Աստծուն։

Բայց ի վերջո, եթե Դուք էլ զավակ ունեք, Կտրիճ Ներսիսյանն էլ, ինչու՞ նա Եկեղեցում ավելի բարձր կարգավիճակ ունի, քան Դուք, այն պարագայում, երբ նա խաբում է ժողովրդին ու Աստծուն, իսկ Դուք՝ ոչ։ Երբ նա ուխտել է ամուսնանալ Եկեղեցու հետ ու դավաճանել է Եկեղեցուն, եւ նրա բարձր կարգավիճակը հիմնված է այդ ուխտի վրա, որը դրժել է։

Ինչու՞ պիտի շնացող «կուսակրոնը» գերակայի Ձեր նկատմամբ եւ ղեկավարի Ձեզ, երբ այդ իրավունքը ձեռք է բերել միայն կուսակրոնության ուխտի բերումով եւ որը պղծել է:

Կտրիճ Ներսիսյանն էլ է իմ եղբայրը։ Բայց Կաթողիկոս չէ եւ պետք է հեռանա Վեհարանից։ Եթե չհեռացավ, իրար հետ եղբայրաբար կհեռացնենք, հարգելի ամուսնացյալ քահանաներ»,–գրել է նա։

Ամուսնացյալ քահանա Նարեկ Անտոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «լինելով ամուսնացյալ քահանա, չունի եղբայր ի դեմս «վարչապետի»։«Իսկ եթե ինքը եղբայր է համարում ամուսնացյալ քահանաներին, ապա պետք է բացատրի թե ի՞նչպես է նույն քահանանների` Հոգեւոր ծննդավայր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը (որ նայև այդպիսինն է ամբողջ Հայության համար), որ իր «Սրբություն»հոգևոր տունն ու հոգու ծննդավայրն էլ է համարում` հրաման տալիս ուժայիններին գրոհել` Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը»,–գրել էր նա։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են»։