Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն Դմիտրի Մասյուկը հայտարարել է, որ Երևանը կողմնորոշվում է դեպի Արևմուտք, հաճախ՝ ի վնաս սեփական շահերին՝ որպես օրինակ բերելով ՀԱՊԿ–ի հետ համագործակցությունից հրաժարվելը։
«Զգում ենք արևմտամետների ապակառուցողական ազդեցությունը Հայաստանում։ Մեր խորին ափսոսանքով՝ այս հարավկովկասյան հանրապետությունում առանձնապես չեն դիմադրում այդ փոփոխություններին, և շարունակում են արևմտյան կողմնորոշումը, հաճախ՝ ի վնաս իրենց ազգային շահերին։ Հստակ օրինակ է՝ Երևանի հրաժարումը ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից», — նշել է Մասյուկը Գորչակովի հիմնադրամի «Կովկասյան երկխոսություն» գիտակրթական ծրագրի բացման ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Դիվանագետի խոսքով՝ ՀԱՊԿ-ն ունի զգալի ներուժ Հարավային Կովկասում կայունության ապահովման հարցում։
Մասյուկը հավելել է, որ Մոսկվան կարևորում է Հայաստանի հետ բարեկամական կապերի պահպանմանը, ինչը, ռուսական կողմի կարծիքով, անհրաժեշտ է երկրում հանգստության և օրինականության պահպանման համար։
«Մենք շահագրգռված ենք [Հայաստանի] հետ բարեկամական հարաբերությունների պահպանմամբ՝ այս երկրում օրինականության և հանգստության պահպանման նպատակով»,–ասել է նա։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Երևանը սառեցրել է ՀԱՊԿ-ում իր մասնակցությունը, քանի որ այն, իր խոսքով, սպառնալիք է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։ Անցած տարվա դեկտեմբերին վարչապետը նաև նշել է, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունները անցել են անդառնալիության կետը։