1 հուլիսի 2025 - 15:43 AMT
Դեսպան․ Իրանը համաձայն չէ «Ստամբուլի հռչակագրում» ՀՀ–ի նկատմամբ տարածքային պահանջների հետ

Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պաշտոնական Իրանը համաձայն չէ «Ստամբուլի հռչակագրում» Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների հետ։

«Այդ փաստաթղթի որոշ կետեր չեն ենթադրում առանձին անդամների համաձայնություն»,–ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Բաքվի հրահրմամբ հռչակագրում հիշատակվում էր այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» և կոչ էր պարունակում Հայաստանին «չխոչընդոտել արևմտյան ադրբեջանցիների վերադարձին»։ «Արևմտյան Ադրբեջան» արտահայտությամբ Բաքուն նկատի ունի Հայաստանի տարածքը։

Իրանական կողմը, որը բազմիցս բանավոր աջակցել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, քվեարկել է փաստաթղթի ընդունման օգտին։ Թեհրանի դիրքորոշումը բացատրելով՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Իսլամական համագործակցության անդամ պետությունները կարող են կոլեկտիվ փաստաթղթերում բարձրացնել հարցեր, որոնք չեն արտացոլում յուրաքանչյուր անդամ պետության դիրքորոշումը։

Ավելի վաղ, մեկնաբանելով հռչակագիրը, ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտարարել էր, որ հռչակագրում առկա ձևակերպումների վերաբերյալ Երևանը քննարկումներ է անցկացնում ԻՀԿ անդամ առանձին պետությունների հետ։