1 հուլիսի 2025 - 16:10 AMT
Վարդանյան․ Մայր Աթոռ զենքով, դիմակով, բերետով ներխուժումը սրբապղծություն է

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը իրավապահների՝ Մայր Աթոռի տարածք մտնելը սրբապղծություն է համարում։ Այդ մասին նա ասել է ԱԺ-ում իր ելույթում, հայտնում է Radar Armenia-ն:

«Սուրբ Էջմիածին զենքով, դիմակով, բերետով ներխուժումը սրբապղծություն է։ Դուք դա էլ արեցիք։ Անհավատ եք, զուրկ հայկականությունից։ Հայ մարդն ամենուր ամոթահար է։ Չէին պատկերացնում, որ սրան էլ եք ընդունակ։

Մոնղոլները չմտան Էջմիածին, թուրքերը չկարողացան, ՀՀ-ն զավթած չարիքը մտավ հայության ինքնության տաճար։ Սա չեք մարսելու»,- ասել է Վարդանյանը։

Հունիսի 27–ի առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։ Ավելի ուշ նա ներկայացավ ՔԿ և դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով։

Աջապահյանի նկատմամբքրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։