1 հուլիսի 2025 - 16:14 AMT
Հուլիսի 4-ին երթ կլինի՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի

Հուլիսի 4–ին Երևանում երթ է նախատեսվում ի պաշտպանություն երկու ամսով կալանավորված գործարար և բարերար Սամվել Կարապետյանի:

«Հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին, հավաքվում ենք Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում (Մալիբու), որտեղից երթով կշարժվենք դեպի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը»,-հայտարարել է հայտնի գործարար, բարերար ՍամվելԿարապետյանի եղբոր որդին՝ Նարեկ Կարապետյանը, հայտնում է Panorama.am-ը։

Նա հորդորել է միանալ ցույցին։

«Թողնենք մեր գործերը մի քանի ժամով և միանանք՝ ցույց տալու, որ մեր ժողովուրդը չի հանդուրժում անարդարությունը։ Նա, ով արդարացնում է անօրինականությունը, վարկաբեկում է ինքն իրեն: Միացե՛ք։ Ձեր ձայնը կարևոր է»,–նշել է նա։

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։

Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։

Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։