Գլխավոր դատախազը միջնորդագիր կուղարկի խորհրդարան՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար: Այդ մասին հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Թե քրեական ինչ գործի շրջանակում, նա չի մանրամասնել, հայտնում է «Ազատությունը»։
ՀՅԴ անդամ Արթուր Սարգսյանի տանն էլ էր հունիսի 25-ին խուզարկություն իրականացվել, սակայն նա չէր տեղափոխվել Քննչական կոմիտե: Այդ օրը մի շարք խուզարկություններ ու ձերբակալություններ էին ընդդիմադիրների շրջանակում:
Գլխավոր դատախազությունն ավելի վաղ դիմել էր խորհրդարանին, որպեսզի ստանա պատգամավորների համաձայնությունը ընդդիմադիրներ Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին մեղադրանք առաջադրելու համար: Այս հարցի քննարկումը նախատեսված էր դեռ վերջին քառօրյային, սակայն ինչպես այդ ժամանակ, այսօր էլ մեկնարկած արտահերթի օրակարգում ընդգրկված չէ:
Հարցին, թե ո՞նրն է պատճառը, և ե՞րբ են քննարկելու դատախազի միջնորդագրերը, Ալեն Սիմոնյանն ասել է, որ դատախազը պետք է պատրաստվի:
Երկու պատգամավորներն էլ միաձայն պնդում են՝ գլխավոր դատախազը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվերն է կատարում:
Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։