ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ հեռախոսազրույցում քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։
Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներն՝ ընդգծելով երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների հաստատման և խաղաղության մասին համաձայնագրի կնքման կարևորությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության համար։
Այս համատեքստում Միրզոյանն անդրադարձ է կատարել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ափաշրջափակման թեմային՝ «Խաղաղության խաչմերուկի» գաղափարի ներքո։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Իրանում ստեղծված իրավիճակի հետևանքով Հայաստանի տարածքով երրորդ երկրների, այդ թվում՝ Կանադայի քաղաքացիների տարհանման դեպքերում ՀՀ կառավարության կողմից ցուցաբերված մարդասիրական օժանդակությանը։
Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:
Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։