«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ԱԺ–ում, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանին դիմելով, անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Ռուս-հայկական համալսարան կատարած այցի ժամանակ տեղի ունեցած խոսակցությանն ու հնչեցված արտահայտություններին։
«Ամիսներ առաջ երբ ՌԴ ԱԳ նախարար լավրովը Հայաստանում էր՝ հյուրընկալվել էր նաև Ռուս-հայկական համալսարանում և ռեկտորը մեկնարկ տվեց սարսափելի խոսակցության», ասել է նա, գրում է Panorama.am-ը։
Մարտիրոսյանը խորհրդարանում ներկայացնում էրէ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությունում Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագրի վավերացման նախագիծը։
Ղազարյանը հիշեցրել է, որ հիշյալ այցի ժամանակ ռեկտորը Լավրովին ներկայացրել է ուսանողներին ու նրանց տվել է հարց ուղղելու հնարավորություն։
«Բառացի եմ ցիտում ռեկտորի խոսքերը, ասում էր՝ թող աղջիկ ուսանողները ներկայանալիս իրենց ընտանեկան կարգավիճակը նշեն, իսկ ՌԴ ԱԳ նախարարը հավելեց՝ ընտանեկան կարգավիճակը կարևոր չէ, կարող են միանգամից հասցեն ներկայացնել։ Բավականին խտրական խոսակցություն էր տեղի ունենում համալսարանում, որտեղ ես հուսով էի, որ նման բառամթերք, խտրական վերաբերմունքը, նման սեքսիստական խոսույթը պետք է որ բացառված լիներ»,–հայտնել է ՔՊ-ական պատգամավորը և հավելել, որ այդ խոսքին հետևել են ուսանողների ծափահարությունները, ինչն իր համար տխուր էր։
Պատգամավորը հարցրել է՝ արդյոք նախարարությունն արձագանքել է կամ որևէ կերպ փորձել կանխել նման խոսքի կրկնությունը բարձրագույն ուսումնական հաստատության տարածքում։
Ի պատասխան՝ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ հարցը չի առնչվում համաձայնագրի վավերացմանը, և բացատրել է. «Նախարարության կողմից նման որևէ քայլ չի արվել, որովհետև որևէ հաղորդագրություն նախարարությանը չի ուղղվել, որ այդտեղի օգտագործած բառամթերքը հենց ձեր ասածն է»։
Ղազարյանը նշել է, որ հանդիպմանը ներկա ուսանողների հետ անձամբ չի խոսել, բայց զրուցել է նրանց հետ, ովքեր լսել են խոսակցությունը համացանցից։
«Ես կարծում եմ, որ առաջադեմ երիտասարդության համար, ժողովրդավար երկրում նման ձևակերպումները կին ուսանողների մասին, որոնք թիրախավորվել են բացառապես կին լինելու համար, անընդունելի են և վստահ եմ, որ նախարարությունը որևէ լծակ կամ միջոց կգտնի հետագայում կանխել բուհական, գիտական ակադեմիական միջավայրում նման անընդունելի խոսույթի զարգացումը», — ասել է պատգամավորը։
Փոխնախարար Մարտիրոսյանը եզրափակել է՝ նշելով, որ ինքն անձամբ ներկա է եղել հիշյալ հանդիպմանը, և եթե որևէ ուսանող նման հարց բարձրացներ, բուհի կառավարման խորհուրդը կնախաձեռներ քննարկում։