Ազգային ժողովում լրագրողների հարցերին պատասխանելիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է վարչապետին անվստահություն հայտնելու հնարավոր գործընթացին՝ ընդգծելով, որ նման քննարկումներն անհիմն են։
Լրագրողները հետաքրքրվել են՝ հնարավո՞ր է արդյոք, որ իշխանական խմբակցությունից լինեն պատգամավորներ, որոնք կմիանան ընդդիմության նախաձեռնած անվստահության գործընթացին։ Ի պատասխան՝ Ալեքսանյանը հարց է բարձրացրել՝ արդյոք խոսքն այն մասին է, որ «Մամիջանյանենք կավատության գործով անցած մեկի եղբորը բերել, ուզում են վարչապետի թեկնածո՞ւ սարքել», հայտնում է 1lurer.am-ը։
Դիտարկմանը, թե խոսքը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի մասին է, պատգամավորը ճշտել է՝ խոսքը «ռազմական հեղաշրջման կոչեր արած մարդուն վարչապետի թեկնածու առաջադրելո՞ւ մասին է, մարդու, որն իր աջակցությունն է հայտնել ահաբեկչական խմբին, որը պլանավորում էր Հայաստանում մարդկանց սպանել, մարդկանց«գյուլլել»:
«Այդ խայտառակ անբարոյականության կրողների՞ն են առաջարկում Հայաստանում ինչ-որ պետական պաշտոնի ընտրել, էն էլ՝ վարչապե՞տ: Լո՞ւրջ են ասում»,– ասել է նա։
Հարցին՝ արդյոք նա բացառում է երկրում արտահերթ ընտրությունների անցկացումը, նա տվել է դրական պատասխան:
«Իհարկե, իսկ դրա նախադրյալը ո՞րն է՝ որպես այդպիսին, ի՞նչ նախադրյալ կա արտահերթ ընտրությունների: Ես նման բան չեմ տեսնում»,- նշել է Ալեքսանյանը:
Վարչապետին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ձևաթղթի տակ դեռևս 6 ստորագրություն է՝ նույն խմբակցության պատգամավորներինը։ Այդ մասին ասել է խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Ինչ վերաբերում է Միքայել Աջապահյանի՝ առաջադրվելու ցանկության բացակայությանը, Մամիջանյանն արձագանքել է, որ ներկա պահին որևէ լրացուցիչ տեղեկություն այդ առումով չունեն։
Նրա փոխանցմամբ, «Հայաստան» խմբակցության պատգամավորներից ոչ ոք առայժմ այդ փաստաթղթի տակ ստորագրություն չի դրել։