ՀԷՑ–ի պետականացման հարցի քննարկումն ԱԺ–ում անցել է լարված մթնոլորտում։ Մինչ իշխանության ներկայացուցիչները պնդել են, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացումը պետական շահի ու անվտանգության հարց է, ընդդիմադիր պատգամավորները հայտարարել են, որ սա քաղաքական հաշվեհարդարի դրսևորում է, որն ապակայունացնող հետևանքներ կունենա Հայաստանի և դրա քաղաքացիների համար։
«Եթե Քըրք Քրքորյանն ու Շառլ Ազնավուրը ողջ լինեին և աջակցեին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին, հայտնվելու էին էս նույն կարգավիճակում»,- ԱԺ ամբիոնից հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործին և ՀԷՑ-ի ազգայնացման նպատակով ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը, գրում է Sputnik Արմենիան։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները սկսել են արձագանքել տեղից, ինչի արդյունքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միջամտել է՝ նախազգուշացնելով, որ ամեն մի միջամտության դեպքում Դանիելյանի խոսքի ժամանակը կերկարաձգվի։ Դրա շրջանակում նախազգուշացում է ստացել նաև պատգամավոր Տիգրան Պարսիլյանը, ում Սիմոնյանը նախազգուշացրել է հաջորդ միջամտության դեպքում հեռացնել դահլիճից։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նույնպես իր ելույթում շեշտել է, որ պետական վերահսկողության տակ անցած գույքի կառավարման ընթացքը պարզ տեսանելի է, և անգամ երկրի տարածքը կառավարել չեն կարողանում։
«Սա ապօրինի, հակասահմանադրական, միջազգային իրավունքի նորմերին հակասող, ֆինանսական, ներդրումային հսկայական ռիսկեր բերող նախագիծ է, որի հիմքում քաղաքական հետապնդում է և որտեղ կհայտնվեն բոլոր այն սուբյեկտները, որոնք էներգետիկ համակարգում են գործում՝ բոլոր սուբյեկտները թիրախային հարվածի տակ են գտնվելու, և սեփականության այս խլման գործընթացը հասնելու է բոլորին»,- հայտարարել է Մինասյանը։
Նա հավելել է, որ եթե կառավարությունը նման ճանապարհով է գնում, ապա տրամաբանական կլինի, որ ազգայնացվեն բոլոր օլիգարխների ունեցվածքները, ներառյալ՝ ԱԺ-ում ներկա անձանցը։ Մինասյանն առաջարկել է հատուկ անդրադառնալ «Ռոսիա մոլին», «Վիվառո»-ին և այլ կառույցներին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18-ին՝ մինչ գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումը, հայտարարել է, թե եկել է ժամանակը՝ ՀԷՑ-ը պետք է պետականացվի։ Նա նաև նախազգուշացրել է, որ ՀԷՑ-ի այն աշխատակիցները, ովքեր չեն համագործակցի պետության հետ, ազատման կենթարկվեն։ Հունիսի 24-ին նա նշել է, որ պետականացման պլանը արդեն պատրաստ է։
Հուլիսի 2-ին ՀՀ Ազգային ժողովը 65 կողմ, 30 դեմ, 0 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը, որը միտված է ՀԷՑ-ի պետականացման գործընթացի իրավական հիմքերի ձևավորմանը։