3 հուլիսի 2025 - 14:26 AMT
Գալյան․ Սահմանադրության նոր տեքստը դեռ ամբողջությամբ պատրաստ չէ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է, առաջիկա երկու շաբաթների ընթացքում Սահմանադրական փոփոխությունների խորհուրդը նիստ կհրավիրի:

Սահմանադրության նոր տեքստը, սակայն, դեռ ամբողջությամբ պատրաստ չէ, հայտնում է Aysor.am-ը։

«Տեքստի մշակմանն ուղղված գաղափարական հիմնադրույթների շուրջ պետք է քննարկում տեղի ունենա։ Երբ ունենանք համապատասխան որոշումները՝ խորհրդի համաձայնության տեսքով, արդեն կլրամշակենք տեքստն ու կվերջացնեք»,- նշել է նա։

Նախարարի խոսքով՝ քննարկվելու է նաև Անկախության հռչակագրի վերաբերյալ հարցը։

«Բոլոր հարցերը պետք է խորհրդի հետ քննարկման առարկա դառնան»,- նշել է Գալյանը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով «Իրական Հայաստան» գաղափարախոսության դրույթները, շեշտել էր նոր Սահմանադրության ընդունման կարևորությունը։ Վարչապետն ընդգծել է, որ համաժողովրդական հանրաքվեի միջոցով նոր Սահմանադրության ընդունումը կարևոր է, քանի որ նախկին հանրաքվեների նկատմամբ առկա է լեգիտիմության լուրջ պակաս՝ հանրային ընկալման տեսանկյունից:

Փաշինյանը նշել է, որ նոր Սահմանադրության գլխավոր նպատակն է հեռանալ «պետականազուրկ ազգի մնացորդային գործելակերպից և ձևավորել պետականակերտ ժողովրդի գործելակարգ»՝ հիմնված սահմանադրական համերաշխության և ժողովրդավարական մասնակցության վրա: