3 հուլիսի 2025 - 15:55 AMT
ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀԷՑ-ի պետականացման հնարավորություն տվող նախագիծը

Ազգային ժողովն ամբողջությամբ և երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը, որի նպատակն է ՀԷՑ-ի պետականացումը հնարավոր դարձնել։ Օրենսդրական այս փոփոխությունների նախաձեռնողը եղել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Խորհրդարանում օրինագիծը ներկայացրել է պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, հայտնում է Factor.am-ը։

ԱԺ արտահերթ նիստում նա ընդգծել է, որ ներկայիս իրավակարգով պետական մարմինները կարող են արձագանքել միայն արդեն արձանագրված խախտումներին, քանի որ օրենքով նախատեսված լիազորությունները բավարար չեն խախտումները դրանց ի հայտ գալուց առաջ կանխելու համար։

Ըստ Վարդանյանի՝ օրենսդրական այս նախաձեռնությունը միտված է էներգետիկայի ոլորտում կանխարգելիչ պետական մեխանիզմների ներմուծմանը։

«Էներգետիկ համակարգի անվտանգությունն ու հուսալիությունը ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ են։ Պետք է ապահովել կանխարգելիչ միջամտության արդյունավետ լծակներ՝ հանրային շահերն ու սպառողների իրավունքները պաշտպանելու համար։ Նախագծով նախատեսվում է սահմանել, որ եթե լիցենզավորված կազմակերպության գործունեությունն ունի բարձր ռիսկայնություն, կառավարության լիազոր մարմինը կարող է հաղորդում ներկայացնել, հնարավոր դարձնել կանխարգելիչ միջոցների կիրառումը մինչ վարույթի հարուցումը, հստակեցնել այդ միջոցների տեսակները, կիրառման կարգը և իրավաչափության պայմանները»,- ասել է Վարդանյանը։

Հուլիսի 2-ին ՀՀ Ազգային ժողովը 65 կողմ, 30 դեմ, 0 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ էր ընդունել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը, որը միտված է ՀԷՑ-ի պետականացման գործընթացի իրավական հիմքերի ձևավորմանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18-ին՝ մինչ գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումը, հայտարարել է, թե եկել է ժամանակը՝ ՀԷՑ-ը պետք է պետականացվի։ Նա նաև նախազգուշացրել է, որ ՀԷՑ-ի այն աշխատակիցները, ովքեր չեն համագործակցի պետության հետ, ազատման կենթարկվեն։ Հունիսի 24-ին նա նշել է, որ պետականացման պլանը արդեն պատրաստ է։«/ի»