3 հուլիսի 2025 - 16:42 AMT
Ուղեվարձը չվճարելու դեպքում 15,000 դրամ տուգանք սահմանելու նախագիծն ընդունվել է

Ազգային ժողովը կողմ է քվեարկել օրինագծին, որը նախատեսում է 15 հազար դրամ տուգանք՝ տրանսպորտային միջոցից օգտվելիս ուղեվարձը չվճարելու պարագայում։ Նախագիծն ընդունվել է 59 կողմ, 26 դեմ ձայներով:

Եթե քաղաքացին օգտվել է ոչ իր կողմից ձեռք բերված կամ արտոնություն ունեցող անձի կրիչը կրող քարտից կամ արտոնությունից ընդհանրապես, ապա այս պարագայում տուգանքը 15 հազար դրամ է, իսկ եթե ուղևորն ունի նման արտոնություն, բայց չի վավերացրել կրիչը տրանսպորտային միջոցում, այսինքն՝ տրանսպորտային միջոց բարձրանալիս ունի համապատասխան իրավունք, սակայն այդ իրավունքը չի վավերացրել, այդ դեպքում տուգանքը կլինի 3000 դրամ:

Հուլիսի 2–ին քննարկման ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը պարզաբանել էր, որ վարչական վարույթի շրջանակում որոշակի առանձնահատկություններ են նախատեսված։ Քաղաքացին, որը հրաժարվում է վճարել կամ նույնականանալ, կարող է ենթարկվել վարչական ձերբակալության՝ օրենքով սահմանված կարգով, և կկրի վարչական պատասխանատվություն՝ համապատասխան ընթացակարգերի կիրառմամբ։