3 հուլիսի 2025 - 18:04 AMT
Փաշինյան․ 2021–ին մեր հաղթանակը նշանակում էր ժողովրդի անվստահությունը Վեհարանը զբաղեցրածների նկատմամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2020–21 թվականներին կաթողիկոսը հանդես է եկել իշխանությունների հրաժարականի կոչով։

Նա հավելել է, որ կառավարող թիմի հաղթանակը 2021–ին նշանակում էր «ժողովրդի անվստահությունը Վեհարանը զբաղեցրածների նկատմամբ»։

«Դրանից հետո տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որը միջազգային հանրության կողմից գնահատվեց որպես ազատ, ժողովրդավարական, մրցակցային, ժողովուրդը վստահության քվե տվեց կառավարող թիմին։

Սա նաև նշանակում էր ժողովրդի անվստահություն Վեհարանը զբաղեցրածների նկատմամբ։

2025 թվականի հունիսին Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին հավաքվելու կոչով։ Ներկա հոգեւորականների եւ հավաքված քաղաքացիների թիվը չի գերազանցել 1500-ը։

Եվս մեկ փաստարկ, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է րոպե առաջ ազատի վեհարանը։ Այլ տարբերակ չկա»,–ասվում է գրառման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։