4 հուլիսի 2025 - 10:25 AMT
Գարեգին Երկրորդ. Հրամայական է միասնական լինել և նախանձախնդիր

Հուլիսի 3-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ տեղի է ունեցել «Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության խարիսխ» խորագրով համահայկական ուխտագնացության հանդիսավոր բացման արարողությունը։ Ներկա են գտնվել Սփյուռքի ու Հայաստանի թեմակալ առաջնորդներ և Մայր Աթոռի հոգևորականներ։

Իր խոսքում Վեհափառը անդրադարձել է հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին, ներառյալ՝ բռնի տեղահանված արցախահայության խնդիրները, հասարակական պառակտվածությունը և իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու դեմ իրականացվող քաղաքական ճնշումներին։

«Առկա մարտահրավերների հանդիման հրամայական է միասնական լինել և նախանձախնդիր՝ օրինականության պաշտպանության գործում, թույլ չտալ մեր Սուրբ Եկեղեցու հեղինակազրկումն ու նսեմացումը։ Մեր բարդ ժամանակներում անհրաժեշտ է ամուր պահել հավատքը, ազգանվիրումն ու եկեղեցանվիրումը։ Ով, եթե ոչ մենք՝ հոգևորականներ և մեր հավատավոր զավակներ, որ միասնաբար կազմում ենք Սուրբ Եկեղեցին, պիտի ջանքեր ներդնենք, որպեսզի մեր կյանքում, հայրենական անդաստանում հաղթանակեն սերը, արդարությունը և ճշմարտությունը, կամայականությունների և ապօրինությունների հանդեպ գերակայեն օրենքն ու իրավունքը, և մեր ժողովուրդը ապրի անխռով ու միաբան»,-ասել է նա։

Վեհափառ Հայրապետը գոհունակություն է հայտնել, որ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հայորդիներ համախմբվել են Սուրբ Էջմիածնում՝ այս առիթը դիտելով որպես հնարավորություն՝ ամրացնելու իրենց հավատքը, հայրենասիրությունը, ինչպես նաև սերը ու նախանձախնդրությունը Սուրբ Եկեղեցու և ազգային արժեքների հանդեպ։ Նա շնորհակալություն է հայտնել միության համակարգող գործունեության և թեմերում երիտասարդական կառույցների համախմբման ջանքերի համար։

«Մեր ժամանակներում երիտասարդությունը կանգնած է բազում հոգևոր-բարոյական մարտահրավերների, աշխարհայնացման ու աշխարհիկացման երևույթների առջև, երբ տարատեսակ գրավչություններ են հրամցվում երիտասարդներին հաճախ միտումնավոր՝ հեռացնելու համար ազգային ավանդույթներից, նախնյաց ժառանգությունից ու նվիրական արժեքներից։ Իբրև Եկեղեցու հովանու ներքո հասակ առած, ազգասիրությամբ սնված հայորդիներ՝ պաշտպանը եղեք մեր սրբությունների, գործուն մասնակցություն բերեք ձեր թեմական և համայնքային կյանքին, լծվեք ազգային ու եկեղեցական անդաստանի շինության ու առաջընթացի գործին», - ասել է կաթողիկոսը։

Գարեգին Երկրորդն իր շնորհակալությունն է հայտնել ՀԵՀԵՄ-ի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին, ով կառույցի հիմնադրման օրվանից մեծ ավանդ ունի դրա գործունեության կազմակերպման գործում։ Նա գնահատել է նաև հոգևոր տեսուչ և կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանի, միության աշխատակիցների, թեմակալ առաջնորդների ու հոգևոր հովիվների անմնացորդ նվիրվածությունը՝ երիտասարդների նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար։

Իր խոսքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը աղոթել է բոլորի համար ու հաջողություններ մաղթել Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միությանը՝ ի փառք Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն Քրիստոսասեր մեր ժողովրդի։

2001 թ․ քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի շրջանակում Ամենայն Հայոց Հայրապետի նախաձեռնությամբ և օրհնությամբ գործարկվել է Եկեղեցասեր երիտասարդաց գրասենյակը, որը հետագայում հիմք է դարձել Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) ձևավորման։

Հուլիսի 2-7-ն ընկած ժամանակահատվածում ՀԵՀԵՄ-ի նախաձեռնությամբ անցկացվող ուխտագնացությանը միացել է մոտ 300 եկեղեցասեր երիտասարդ՝ Նվիրապետական Աթոռներից, Հայրապետական պատվիրակություններից, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից։