Գլխավոր դատախազությունն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին միջնորդագիր է ներկայացրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։
«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրության կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում 2025 թվականի մարտի 18-ին ստացվել է ՀՀ ԱԱԾ սահամանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության ավագ օպերլիազորի պատշաճ հաղորդումն այն մասին, որ Վազգեն Պետրոսի Գալստանյանը, Արթուր Լավրենտի Սարգսյանը, Մովսես Ռուբենի Շարբաթյանը, Հայկ Սամվելի Շահնազարյանը, Տիգրան Վահեի Թոփալյանը, Իգոր Թադևոսի Սարգսյանն այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2024 թվականի հուլիսից 2025 թվականի մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում նախապատրաստվել են իրականացնել ահաբեկչություն և իշխանության յուրացում»,–ասվում է միջնորդագրում։
Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։