4 հուլիսի 2025 - 11:31 AMT
Կարապետյանը զրպարտության համար դատի է տվել Կոնջորյանին և Թորոսյանին

Կալանքի տակ գտնվող գործարար, բարերար Սամվել Կարապետյանն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանի և Արսեն Թորոսյանի դեմ հայցադիմումներ է ներկայացրել Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան, ինչը հայտնի է դարձել Datalex–ից։

Սամվել Կարապետյանը պատգամավորներից յուրաքանչյուրից պահանջում է հերքել զրպարտչական, վիրավորական բնույթի հայտարարությունները և վճարել փոխհատուցում 9 մլն դրամ, գրում է Sputnik Արմենիան։

Արսեն Թորոսյանն, արձագանքելով իր դեմ հայց ներկայացնելու լուրին, գրել է․ «Ինչպիսի մեծ պատիվ։ Գիտեն թե փող ունեն, կարող են տասնյակ փաստաբաններ վարձել ու աջուձախ բոլորին դատի տալ ու դրանով ինչ-որ հարցեր լուծել, օրինակ՝ մեզ լռեցնե՞լ։ Լու՞րջ»։

Հայցի բովանդակությունը մասնավորապես վերաբերում է Արսեն Թորոսյանի՝ 2025 թվականին ԱԺ ամբիոնից հնչեցրած հայտարարությանը. «Ես 2 հայտարարության եմ ուզում անդրադառնալ, որոնց հեղինակների պորտը ոնց որ թե Լուբլյանկայում են կտրել, ՖՍԲ-ի շտաբ կվարտիրայում։ Առաջինի անունը Արշակ ա։ Հիմա մյուս հերոսին անդրադառնամ, նույն ինքը Սամվել Կարապետյանին»։

Սամվել Կարապետյանը նման ձևակերպումները համարել է վիրավորական և, փոխհատուցում պահանջելուց բացի, Թորոսյանից նաև պահանջել է հրապարակայնորեն ներողություն խնդրել։

Զրպարտության վերաբերյալ հատվածում գործարարը պահանջել է դատարանից պարտավորեցնել Արսեն Թորոսյանին հերքել նույն ելույթի ընթացքում հնչեցրած այն պնդումը, ըստ որի իբր Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ) նրան հանձնարարել է հրապարակայնորեն հանդես գալ որոշ հայտարարություններով՝ նպատակ ունենալով խաթարել Հայաստանի Հանրապետության օրինական իշխանությունը, սպառնալ ՀՀ ղեկավարությանը և հարուցել բռնություն։

Վիրավորական արտահայտություններ են վերագրվել նաև ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանին։

Սամվել Կարապետյանը վիրավորական է համարել մասնավորապես հետևյալ ձևակերպումները. «Դուք ընդամենը որոշ բարձրաստիճան կղերականների և օլիգարխիայի սրբապիղծ ամուսնության մյուս կողմն եք, օլիգարխիական թևն եք», «ծառայամիտ հացկատակ պնակալեզներ եք դուք... վեր ընգեք տեղներդ», ինչպես նաև՝ «և այսօր Կտրիճ Ներսիսյանի վեղարը նման է մի մարտագլխիկի, որի տակ հավաքվել են բոլոր ինչքան հանցագործ ասես․ օլիգարխներ, նախկին թալանչիներ, դուրսպրծուկներ, սրբապիղծներ և ընտրապիղծներ, հիմնադիր ընտրապիղծներ, բոլորը հավաքվել են էս վեղարի տակ որպես մարտագլխիկ և էտ մարտագլխիկով ուզում են կրակեն պետության վրա։ Եվ երեկ էտ մարտագլխիկի տակ սահուն կերպով հայտնվեց նաև ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը»։

Բացի այդ, գործարարը պահանջել է, որ Կոնջորյանը հերքի նաև 2025 թվականի հունիսի 17-18-ին ԱԺ ամբիոնից հնչեցրած արտահայտությունները, որոնցում ասվել է. «Սամվել Կարապետյանը ստանձնել է որոշ անառակաբարո տերտերների պաշտպանությունը` ունենալով գործակալական նկրտումներ, հանդես գալով որպես, այսպես կոչված, տրոյական ձիու կամ տրոյական վեղարի սկզբունքով։ Ինչպես նաև այն, որ Սամվել Կարապետյանը տասնամյակներով օգտագործել ու թալանել է հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունը, 10-100-ապատիկ չափերի էժան գներով ստացել է պետական գույք և դրա դիմաց չնչին (արտահայտությամբ նշվել է թուլափայ) ինչ-որ մի տեղ մի բան է սարքել՝ ներկայացնելով որպես բարերարություն»։

Երկու գործերով էլ Սամվել Կարապետյանը պահանջել է, որ թե՛ Արսեն Թորոսյանը, թե՛ Հայկ Կոնջորյանը հրապարակայնորեն ներողություն խնդրեն, իսկ հերքումը տարածեն իրենց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջերում։ Եթե դա տեխնիկապես հնարավոր չլինի, ապա՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո առավելագույնը հինգ աշխատանքային օրվա ընթացքում նրանք պարտավորվեն հրապարակել հերքումը առնվազն 5000 օրինակով տպվող և ՀՀ ողջ տարածքում տարածվող որևէ պարբերականի միջոցով։

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։

Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։

Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։