Թուրքական պետական Անադոլու գործակալությունը հաղորդել է, որ պատմական Անի քաղաքի Մայր տաճարի վերակառուցման աշխատանքները ընթանում են փուլ առ փուլ։
Վերակառուցման աշխատանքները, ըստ հաղորդագրության, իրականացվում են Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության և Համաշխարհային հուշարձանների հիմնադրամի համագործակցությամբ՝ երեք փուլով։ Ավարտից հետո՝ տաճարը նախատեսվում է վերաբացել որպես մզկիթ՝ հասանելի դարձնելով այն այցելուների համար, հայտնում է Factor.am-ը։
Տեղեկության համաձայն, Անիի հնագիտական վայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ժամանակավոր ցուցակում 2012 թվականին, իսկ 2016-ին գրանցվել է որպես Մշակութային ժառանգության օբյեկտ։
Լրատվամիջոցը նշում է, թե Անիի մոտ 100 հեկտար տարածքը ներառում է մի շարք կարևոր կառույցներ, որոնք վերագրվում են թուրք-իսլամական պատմական ժամանակաշրջանին։ Դրանց շարքում առանձնացվել են Էբուլ Մենուչեհրի մզկիթը (Անիի Մեծ մզկիթ), որը համարվում է Անատոլիայում կառուցված առաջին թուրքական մզկիթը, սելջուկյան գերեզմանատունն ու դամբարանները, ինչպես նաև մի շարք քրիստոնեական կառույցներ՝ այդ թվում Անիի Մայր տաճարը (որ կոչվում է Ֆեթհիյե մզկիթ), Ամենափրկիչ եկեղեցին, Տիգրան Հոնենց եկեղեցին ու Աբուղամրենց եկեղեցին,
Որևէ կերպ չի մատնանշում քաղաքի հայկական ծագումն ու եկեղեցիների հայկական ինքնությունը։ Անիի տաճարը հիշատակվում է որպես Ֆեթհիյե մզկիթ։ Ըստ նույն աղբյուրի, տաճարի շինարարությունը սկսվել է Սմբատ Բ-ի կողմից 987 թվականին և ավարտվել է Գագիկ Ա-ի կնոջ՝ Կատրամիդեի նախաձեռնությամբ՝ 1010 թվականին։ Սակայն աղբյուրը բաց է թողնում այն հանգամանքը, որ երկուսն էլ եղել են հայոց թագավորներ։
Նշվում է, որ տաճարի ճարտարապետը Տրդատն է՝ նույն ճարտարապետը, ով հետագայում վերանորոգել է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի մզկիթի գմբեթը, սակայն նրա ազգային պատկանելիությունը ևս շրջանցված է։
Ըստ պատմական տեղեկության, հայկական տաճարը 1064 թվականին սելջուկ սուլթան Ալփ Արսլանի կողմից վերածվել է մզկիթի։ Այն ստացել է «Ֆեթհիյե մզկիթ» անվանումը, քանի որ հենց այնտեղ է Ալփ Արսլանը կատարել իր առաջին ուրբաթօրյա աղոթքը։