4 հուլիսի 2025 - 11:51 AMT
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինան և Մերձավոր Արևելքը

Հուլիսի 3-ին Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի և Սիրիայի շուրջ իրավիճակը, ինչպես նաև ընդհանուր առմամբ իրավիճակը Մերձավոր Արևելքում և ռուս-ամերիկյան հարաբերությունները։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է լրագրողներին, որ առաջնորդների զրույցը տևել է մոտ մեկ ժամ։

«Նախագահների զրույցը, ինչպես միշտ այս երկու ղեկավարների միջև, անցել է նույն ալիքի վրա, եղել է անկեղծ, գործնական և կոնկրետ», — ընդգծել է նա, հայտնում է Interfax-ը։

Նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել հունիսի 14-ին և նույնպես տևել էր մոտ մեկ ժամ։

Ուկրաինական թեմայի շրջանակում, ըստ Ուշակովի, Թրամփը «նորից բարձրացրել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման հարցը»։

Պուտինը զրույցի ընթացքում նշել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու բանակցային գործընթացը Ուկրաինայի հետ։ Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ Ռուսաստանը չի հրաժարվելու իր նպատակներից՝ ուղղված ուկրաինական ճգնաժամի խորքային պատճառների վերացմանը։

«Վլադիմիր Պուտինը իր հերթին նշել է, որ մենք շարունակում ենք փնտրել քաղաքական, բանակցային լուծում հակամարտությանը։ Նա տեղեկացրել է մարդասիրական բնույթի պայմանավորվածությունների իրականացման ընթացքի մասին, որոնք ձեռք են բերվել ռուս-ուկրաինական ուղղակի շփումների երկրորդ փուլում Ստամբուլում», — հայտնել է ՌԴ նախագահի օգնականը։

Ըստ նրա՝ Պուտինը «նշել է Ռուսաստանի պատրաստակամությունը շարունակելու բանակցային գործընթացը» Ուկրաինայի հետ։

«Մենք ելնում ենք այն կանխադրույթից, և կարծում եմ, որ ամերիկյան կողմը դա հրաշալի հասկանում է, որ բանակցությունները լինելու են երկկողմ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև», — ընդգծել է Ուշակովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք քննարկվել է ԱՄՆ մասնակցությունը բանակցություններին։

Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Պուտինի և Թրամփի զրույցում ռուս-ուկրաինական հնարավոր երրորդ բանակցային փուլում քննարկվելիք բովանդակությունը չի քննարկվել։

Ինչ վերաբերում է Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից զենքի մատակարարումների դադարեցման թեմային, ապա, ըստ Ուշակովի, այն հեռախոսազրույցի ընթացքում չի բարձրացվել։

«Այս թեման բավականին լայնորեն լուսաբանվում է զանգվածային լրատվության միջոցներում վերջին օրերին, ժամերին, բայց տեղի ունեցած զրույցի ընթացքում այս հարցը չի բարձրացվել», — նշել է նա։

Մերձավոր Արևելքի մասով Պուտինն ու Թրամփը «շատ մանրամասն» քննարկել են Իրանի շուրջ և ընդհանուր տարածաշրջանային իրավիճակը։ Ուշակովի խոսքով՝ «ռուսական կողմն ընդգծել է հակասությունների և կոնֆլիկտների կարգավորման բացառապես քաղաքական և դիվանագիտական ուղիների կարևորությունը»։

Երկու առաջնորդները քննարկել են նաև Սիրիայի իրավիճակի զարգացումները։

«Քննարկվել է նաև Սիրիայում վերջին իրադարձությունների զարգացումը։ Այս ուղղությամբ ռուսական և ամերիկյան կողմերը (...) շարունակելու են երկխոսությունը», — ասել է Ուշակովը։

Ռուս-ամերիկյան հարաբերությունների մասով, ըստ Ուշակովի, Պուտինն ու Թրամփը հաստատել են երկու երկրների փոխադարձ հետաքրքրությունը մի շարք հեռանկարային տնտեսական նախագծերի իրականացման նկատմամբ՝ ներառյալ էներգետիկան և տիեզերքի ուսումնասիրությունը։

«Երկկողմ հարաբերությունների վերաբերյալ կարծիքների փոխանակման շրջանակում հաստատվել է փոխադարձ հետաքրքրություն մի շարք հեռանկարային տնտեսական նախագծերի իրականացման նկատմամբ, մասնավորապես՝ էներգետիկայի և տիեզերքի հետազոտման ոլորտում», — ասել է նախագահի օգնականը։

Թրամփը տեղեկացրել է Պուտինին ԱՄՆ Կոնգրեսում իր վարչակազմի առաջատար օրենսդրական նախաձեռնության՝ հարկային, միգրացիոն և էներգետիկ բարեփոխումների հաջող ընթացքի մասին՝ հիշեցնելով, որ ինքը այդ նախաձեռնությունը կոչում է «մեծ ու գեղեցիկ օրինագիծ»։

Ուշակովի խոսքով՝ Պուտինը մաղթել է Թրամփին «հաջողություններ նախանշված բարեփոխումների իրականացման գործում և, իհարկե, շնորհավորել ԱՄՆ ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ, որն այս տարի նշվում է վաղը»։

Պուտինը նաև հիշեցրել է ԱՄՆ ձևավորման գործում Ռուսաստանի դերի մասին։

«Մեր կողմից ընդգծվել է, որ Ռուսաստանը նշանակալի դեր է խաղացել ամերիկյան պետականության ձևավորման մեջ՝ անկախության պատերազմի ժամանակ՝ 250 տարի առաջ, ինչպես նաև քաղաքացիական պատերազմի տարիներին, որն ավարտվեց 160 տարի առաջ», — ասել է Ուշակովը։

Նա հավելել է, որ Թրամփին դուր է եկել ռուս-ամերիկյան ավանդական արժեքները խթանող ֆիլմերի փոխանակման գաղափարը։

«Վլադիմիր Պուտինը նշել է, որ հանդիպել է ռուսական բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ։ Այդ հանդիպման ընթացքում, մասնավորապես, հնչել է մի միտք՝ երկու երկրների միջև փոխանակել կինոարտադրանք, որը խթանում է ավանդական արժեքները, որոնք մոտ են մեզ և Թրամփի վարչակազմին։ Թրամփը անմիջապես արձագանքել է։ Նա ասել է, որ իրեն այդ գաղափարը դուր է գալիս», — պատմել է Ուշակովը։

Ինչ վերաբերում է հետագա շփումներին՝ Ուշակովը նշել է. «նախագահները, իհարկե, շարունակելու են շփումները նաև առաջիկայում»։

«Այդ մասին ձեռք է բերվել պայմանավորվածություն։ Նախագահներից ցանկացածը, անհրաժեշտության դեպքում, կարող է վերցնել հեռախոսը, և օրվա ընթացքում մենք, որպես նրանց օգնականներ, կկազմակերպենք հեռախոսային կապը», — վստահեցրել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ անձնական հանդիպման հնարավորությունը այս անգամ չի քննարկվել։

«Կոնկրետ՝ անձնական հանդիպման հնարավորության մասին խոսք չի եղել», — պարզաբանել է Ուշակովը։

Photo. Getty Images