Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին՝ շնորհավորելով նրան ազգային տոնի կապակցությամբ։
«Վերջին տարիներին մեր հարաբերությունների զարգացումը տպավորիչ էր: Շնորհակալություն եմ հայտնում այն աջակցության համար, որ ցուցաբերում է Կանադայի իշխանությունը Հայաստանին, որը միտված է աջակցելու Հայաստանին անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերում: Սա շատ կարևոր հանգամանք է։ Ցանկացած երկրի համար, ցանկացած երկրում ապրող ժողովրդի ինքնության համար հենց պետության անկախությունն ու ինքնիշխանությունը՝ կարևորագույն գրավականներն են, որպեսզի մարդիկ այդ երկրում իրենց անվտանգ զգան և մտածեն զարգացման մասին»,- նշել է նախագահը:
Վահագն Խաչատուրյանը ընդգծել է նաև այն աջակցությունը, որ Կանադան ցուցաբերել է Հայաստանին բարդ ժամանակներում՝ ընդգծելով այդ քայլերի նշանակությունը: Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Կանադայի մասնակցությանը ԵՄ դիտորդական առաքելությանը, որն ըստ կողմերի՝ մեծապես նպաստում է տարածաշրջանի անվտանգության և խաղաղության կայունացմանը։
Դեսպան Էնդրյու Թըրներն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության ու բարեմաղթանքների համար։
«Ուրախ եմ այս հանդիպման համար։ Միշտ լավ առիթ է տոնելու հայ-կանադական բարեկամությունը։ Սա երկրորդ անգամն է, երբ մենք միասին ենք տոնում Կանադայի օրը, այն պահից, երբ դեսպանությունը բացվեց այստեղ։ Կարծում եմ, որ մենք, ինչպես նշեցիք, տպավորիչ առաջընթաց ենք ունեցել մեր հարաբերություններում անցյալ տարում»,- մասնավորապես ասել է դեսպանը:
Էնդրյու Թըրները հավաստիացրել է, որ Կանադան շարունակում է բարձր գնահատել Հայաստանի հետևողական ջանքերը տարածաշրջանային խաղաղության և կայունության ուղղությամբ և պատրաստ է շարունակել աջակցությունը։ Նա ընդգծել է նաև Կանադայի հանձնառությունը՝ նպաստելու Հայաստանի իշխանության կողմից ժողովրդավարության խորացմանն ուղղված քայլերին։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են համագործակցությունը այն ոլորտներում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։ Շեշտադրվել է հետևողական աշխատանքը՝ ուղղված տնտեսական ոլորտում և առևտրային կապերի աշխուժացմանը, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության խորացմանը։
Զրույցում անդրադարձ է կատարվել խորհրդարանական դիվանագիտության զարգացմամբ պայմանավորված քաղաքական մշակույթի առաջխաղացման հարցերին, ինչպես նաև նշել են կանադական դրական փորձի օգտագործման կարևորությունը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում։
Արժևորել են նաև մշակութային հարաբերությունների աշխուժացման հեռանկարները՝ ընդգծելով համագործակցության ընդլայնման ներուժը ֆրանկոֆոնիայի շրջանակում։