4 հուլիսի 2025 - 11:59 AMT
ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության ծրագրում կատարվել են փոփոխությունները

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար նախատեսված բնակարանային ապահովման պետական ծրագրում կատարված փոփոխությունները, ըստ ԱՍՀ նախարարության, եղել են երկար սպասված ու անհրաժեշտ, քանի որ հիմնված են եղել բազմակի քննարկումների ու հանդիպումների վրա՝ տեղի բնակիչների հետ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը պարզաբանել է, որ փոփոխությունների առաջին և էական բաղադրիչն այն է, որ հուլիսի 1-ից սկսած՝ ծրագրի բոլոր պահանջներին համապատասխանող անձինք, անկախ ընտանիքի կազմից, անդամների թվից կամ երեխաների առկայությունից, կարող են հավասար հիմունքներով դառնալ ծրագրի շահառու, հայտնում է Արմենպրեսը։

Մանուչարյանի բնորոշմամբ՝ նախկինում եղել է տարբերակված մոտեցում` 1-ին խումբ, 2-րդ խումբ, 3-րդ խումբ և այլն, այսինքն` բաժանված է եղել փուլերի, սակայն նոր փոփոխություններով՝ բոլոր տեղահանված ընտանիքները հավասարապես կարող են դիմել ու դառնալ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու, ստանալ հավաստագիր ու իրացնել հավաստագիրը` ձեռք բերելով բնակարան կամ կառուցելով տուն։

«Հաջորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է նրան, որ թեպետ սկզբնական շրջանում, երբ բնակարային ապահովման պետական աջակցության ծրագիրը գործարկել ենք, հայրենակիցների մոտ կար մտահոգություն, անհանգստություն, որ գուցե տրամադրվող հավաստագրերի շրջանակում չկարողանան տուն կամ բնակարան ձեռք բերել ու կառուցել, այսինքն՝ գումարը քիչ լինի, բայց փորձը ցույց տվեց, որ ոչ միայն կարողանում են հայրենակիցները իրացնել հավաստագրերը, այլև ունենում ենք բազմաթիվ դեպքեր, երբ տրամադրվող գումարից ավելանում է, այսինքն` տունը կամ ձեռք բերվող բնակարանը ավելի մատչելի է լինում, քան հավաստագրի արժեքը, և այդ դեպքում ավելանում է, գոյանում է դրական մնացորդ»,-ասել է խոսնակը։

Նա մատնանշել է, որ նոր կարգավորումով՝ հնարավորություն է տրվում այդ դրական մնացորդ ունեցող հայրենակիցներին տնօրինել ավելացված գումարը։

«Եթե, օրինակ, տրամադրվել է 30 միլիոն դրամ արժողությամբ հավաստագիր, իրենք իրացրել են 20 միլիոնը, ապա մնացած 10 միլիոնի շրջանակում նրանք կարող են գյուղնշանակության հողատարածք ձեռք բերել, գույք ու տեխնիկա ձեռք բերել բնակարանի կամ տան համար, մնացած տարբերությունը կարող են ուղղել նաև բնակարանի կամ տան վերանորոգման աշխատանքներին»,–ասել է նա։

Զառա Մանուչարյանի բնորոշմամբ՝ աջակցության ծրագրում կատարվել է ևս մեկ փոփոխություն, որը բավական շատ քննարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների շրջանում, վերաբերում է նրան, որ եթե նախկինում ծրագրի համաձայն՝ 4 միլիոն դրամ տրամադրվում էր ընտանիքի յուրաքանչյուր անդամին, եթե նրանք որոշում էին տուն կառուցել կամ բնակարան ձեռք բերել կառավարության կողմից նշված 452 բնակավայրում, ապա նոր փոփոխություններով` 452 բնակավայրի փոխարեն՝ նրանք ունեն ընտրության ավելի մեծ հնարավորություն։

«Նոր փոփոխությունների համաձայն նրանք կկարողանան ընտրել արդեն 611 բնակավայրերից ու ստանալ յուրաքանչյուր անձին, ընտանիքի անդամին` 4 միլիոն դրամ։

Նախկինում էլ ունեինք տարանջատված տարբերակներ` 3 միլիոն, 4 միլիոն, 5 միլիոն, ինչը շարունակում է պահպանվել, բայց հետևյալ տրամաբանությամբ, որ 4 միլիոն դրամ տրամադրվելիք բնակավայրերի ցանկն ընդլայնվել է։

Երևանին հարակից բնակավայրերը կշարունակեն ստանալ 3 միլիոն դրամ, 611 բնակավայրից ցանկացածի դեպքում՝ հայրենակիցները կստանան 4 միլիոն և 5 միլիոնը, որը նախապես սահմանված էր բնակավայրի ցուցակով, կշարունակի մնալ ակտուալ»,-նշել է Մանուչարյանը։

Վերջինիս խոսքով՝ իրականացվել են նաև մի շարք այլ փոփոխություններ, որոնք կօգնեն ԼՂ-ի հայրենակիցներին ավելի սահուն ու անխոչընդոտ կերպով իրացնել իրենց հավաստագրերը։

«Մի շարք այլ փոփոխություններն առաջիկայում կներկայացնենք։ Ես առանձնացրի այն հիմնական 3 փոփոխությունները, որոնք արդեն իսկ մտել են գործնական փուլ՝ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման արդյունքում»,-եզրափակել է Զառա Մանուչարյանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կառավարությունը նախատեսում է կատարել մի շարք փոփոխություններ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրում՝ ստեղծելով միջգերատեսչական հանձնաժողով, հստակեցնելով շահառու ճանաչման չափանիշները և ապահովելով ավելի լայն հասանելիություն սոցիալական աջակցությանը։ Այնուհետև նախագծում կատարված փոփոխությունների մասին մանրամասն տեղեկատվություն էր տարածել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։