Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողով՝ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին, որը քննարկվում է վերջինիս բացակայությամբ։
Օհանյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ խախտվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքը և որ «ՀՀ իշխող խմբակը, տեղեկացված լինելով իմ ժամանակավոր անաշխատունակության մասին, կազմակերպել է այս շոուն»։
«Հոդված 108-ի՝ «Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կարգը», 3-րդ կետի պահանջները, այն է՝ «Եթե միջնորդագրում նշված պատգամավորը հարցի քննարկման սկզբում Ազգային ժողովի նիստից անհարգելի պատճառով բացակայում է, ապա հարցը քննարկվում է առանց նրա մասնակցության», ՔՊ նախաձեռնությամբ` այսօր Նիկոլ Փաշինյանի դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողով՝ իմ նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին՝ առողջական խնդրի պատճառով իմ հարգելի բացակայության պայմաններում։
Հուլիսի 1-ին ԱԺ նախագահին իմ կողմից ուղարկվել է գրություն՝ առ այն, որ չեմ կարող ներկա լինել ԱԺ արտահերթ նիստին, քանի որ հունիսի 27-ից վերականգնողական կենտրոնում ստանում եմ վերականգնողական բուժում, և այն դեռ ընթացքի մեջ է․ գրությանը կցվել է բուժհաստատության տեղեկանքը։
Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության իշխող խմբակը, լինելով տեղեկացված իմ ժամանակավոր անաշխատունակության վերաբերյալ, կազմակերպել է այս շոուն իմ և իմ գործընկերների դեմ՝ հետապնդելով երկու հիմնական նպատակ՝ շեղել հանրության ուշադրությունը իրենց իսկ ձեռամբ ստեղծված, մեր պետության դեմ ուղղված ծանրագույն սպառնալիքներից և ադրբեջանական իշխանությունների հետ համաձայնեցված՝ շարունակել հետևողականորեն չեզոքացնել բոլոր այն քաղաքական, հասարակական, զինվորական գործիչներին, բարերարներին, հոգևորականներին, ովքեր պայքարում են հանուն Արցախի, Հայաստանի, հանուն հայ ժողովրդի և նրա հոգևոր արժեքների լինելիության»,–ասվում է գրառման մեջ։