4 հուլիսի 2025 - 12:31 AMT
Դատախազությունը ԱԺ-ից պահանջել է քրհետապնդում թույլ տալ Օհանյանի և Մինասյանի դեմ

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովի հուլիսի 4-ի նիստին ներկայացրեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:

Ներկայացնելով դատավարական նախապատմությունը՝ Աննա Վարդապետյանը նախ հիշեցրել է, որ ՔԿ զինվորական գլխավոր վարչությունում 2017-ին նախաձեռնվել է քրեական վարույթ, և կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ««Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ հողատարածքը զավթվել և 2010-2015 թվականներին, առանց կառուցապատման իրավունքի, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմը նշված հողատարածքի վրա ինքնակամ կառուցել է առանձնատուն, հայտնում է 1lurer.am-ը։

2016 թվականին դեկտեմբերի 12-ին միջգերատեսչայան մրցութային հանձնաժողովի կողմից անցկացված մրցույթի արդյունքում միանձնյա հաղթող է ճանաչվել Երևան քաղաքի բնակիչ Բենիամին Սուրենի Ղալեչյանը, որի նշված հողամասը 25 տարի ժամկետով տրվել է վարձակալության՝ կառուցապատման իրավունքով, 2 տարվա ընթացքում 250 մլն դրամի ներդրումով հանգստի գոտի կառուցելու համար: Ըստ Աննա Վարդապետյանի՝ Բենիամին Ղալեչյանը Սեյրան Օհանյանի՝ ՊՆ ղեկավարի պաշտոն եղած ժամանակ վարորդ Արթուր Առաքելյանի մորաքրոջ որդին է:

Գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ հսկող դատախազի ներկայացրած առաջարկության համաձայն՝ կատարված քննությամբ ձեռք են բերել բավարար փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում են 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերին, 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, 444-րդ հոդվածի 2-րդ մասին) հանրային քրեական հետապնդում հարուցելու համար:

«Այն բանի համար, որ նա 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ը, զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, 2010-2015 թվականների ընթացքում զավթել, առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքը:

Կառուցապատման իրավունքի բացակայության պայմաներում Սեյրան Օհանյանը հանձնարարել է իրեն ենթակա ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Աշոտ Գրիգորյանին և այլ անձանց ՊՆ-ի կողմից իրականացված գնումների գործընթացին մասնակցած շինարարական կազմակերպությունների և դրանց ծառայողների ներգրավմամբ կազմակերպել, ապահովել հիշյալ տարածքում իր համար տան կառուցումը: Նշված տարածքի և այնտեղ գտնվող գույքի պահպանությունը Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ իրականացվել է ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների կողմից, որոնց 2011-2016 թվականներին պետական բյուջեի միջոցներից վճարվել է առնվազն 13 մլն 120 հազար աշխատավարձ: Խոսքը պահպանության ծառայության մասին է, որն իրականացվել է ռազմական ոստիկանության ծառայողների կողմից»,- ասել է Վարդապետյանը:

Գլխավոր դատախազը ներկայացրել է նաև շինությունը ապօրինաբար կառուցելու մանրամասները, գնումների գործընթացի որոշ մանրամասներ, որի հետևանքով 2010-2015 թվականների ընթացքում ինքնակամ զավթված բնության հատուկ պահպանվող տարածքում մոտ 124 մլն 892 հազար դրամ արժողությամբ մի քանի շինություններից կազմված առանձնատան ինքնակամ կառուցում է իրականացվել, ներկայացրեց նաև առանձնատան լողավազանի և շոգեբաղնիքի կառուցման համար ներգրավված անձանց մասով տեղեկություններ, նշեց, որ շինաշխատանքների դիմաց չվճարված գումարի շրջանակում «ատկատ» է կիրառվել:

«Սեյրան Օհանյանը շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին օգտագործելով, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, իսկ գործողությունների հետևանքով ծանր վնաս է պատճառվել հասարակությանը, պետության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ»,- ասաց Վարդապետյանը՝ ընդգծելով, որ պաշտոնատար անձինք և պետական գնումների գործընթացներին մասնակցություն ունեցող կազմակերպությունը ներգրավվել են ինքնակամ զավթված, բնության հատուկ տարածքում շինության կառուցմանը, ինչ արդյունքում ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը զրկվել է իր նպատակին ծառայելու հնարավորությունից:

«Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ տալ համաձայնություն ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ»,- ասել է նա:

Վարդապետյանն ևս մեկ միջնորդագիր է ներկայացրել՝ համաձայնություն ստանալու նպատակով 8-րդ գումարման պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար՝ ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի։

Դատախազը մասնավորապես նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Միջնորդագիրը պաշտոնապես ուղարկված է եղել Ազգային ժողով, հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում»:

Նա հիշեցրել է, որ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում դեռ 2017 թվականին նախաձեռնված թիվ 90101617 վարույթի շրջանակում նախաքննության արդյունքում պարզվել է, որ ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պետական սեփականություն հանդիսացող տարածքում՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ հողատարածքը 2010-2015 թվականներին զավթվել է՝ առանց կառուցապատման իրավունքի, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից, որտեղ ինքնակամ կառուցվել է առանձնատուն։ 2016 թվականի դեկտեմբերի 12-ին անցկացված մրցույթի արդյունքում այդ հողատարածքն անվերապահորեն հանձնվել է Երևանի բնակիչ Բենիամին Սուրենի Ղալեչյանին՝ 25 տարի ժամկետով վարձակալությամբ և կառուցապատման իրավունքով՝ պայմանով, որ 2 տարվա ընթացքում կիրականացվի 250 մլն դրամի ներդրում հանգստի գոտու կառուցման նպատակով։

Նախաքննությամբ արձանագրվել է նաև, որ նույն հողատարածքը և դրա վրա կառուցված առանձնատունը 2010 թվականից փաստացի օգտագործվել է այն անձի կողմից, ով ըստ օրենքի պարտավոր էր հայտարարագիր ներկայացնել։

Նշվել է նաև, որ այս վարույթի շրջանակում 2023 թվականի մայիսի 25-ին հարուցվել է թիվ 90152923 վարույթը, որի նախաքննությունը վստահվել է ԱԱԾ քննչական գլխավոր վարչությանը, իսկ արդեն 2024 թվականի հունվարի 5-ին այն հանձնվել է Քննչական կոմիտեին՝ օրենսդրական փոփոխությունների հիման վրա։

Այնուհետև հաջորդաբար մի քանի այլ վարույթներ ևս միացվել են նույն քրեական գործին՝ շարունակելով քննությունը նույն՝ թիվ 90152923 գործի շրջանակում։

2025 թվականի հունիսի 9-ին հսկող դատախազը՝ քրեական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի հիման վրա, միջնորդել է քրեական հետապնդում հարուցելու համար ստանալ Ազգային ժողովի համաձայնությունը։

Հսկող դատախազի առաջարկության համաձայն՝ կատարված քննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր, որոնք հիմք են հանդիսանում Սեյրան Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար՝ Քրեական օրենսգրքի 2003 թվականի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (որը համապատասխանում է 2022 թվականի օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին)։ Ըստ դատախազի՝ 2016 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2018 թվականի մայիսի 12-ը Արծվիկ Մինասյանը զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը՝

  • պատասխանատու լինելով նախարարության կողմից բնության հատուկ պահպանվող տարածքների պաշտպանության և օրենսդրական պահանջների կատարման վերահսկման համար,
  • Կառավարության որոշմամբ լինելով ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահի տեղակալ,
  • Եվ Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ՝ լիազորված լինելով գումարել և նախագահել հանձնաժողովի նիստերը, ստորագրել որոշումներն ու արձանագրությունները,

խմբային շահերից ելնելով չի իրականացրել իր ծառայողական պարտականությունները և ծառայության շահերին հակառակ կերպով օգտագործել է պաշտոնեական դիրքը։ Դրա հետևանքով, ըստ դատախազի, էական վնաս է պատճառվել ինչպես հասարակության, այնպես էլ պետության օրինական շահերին, առաջացել են ծանր հետևանքներ։

Մասնավորապես՝ խաթարվել է պետական կառույցների և հանձնաժողովների բնականոն գործունեությունը, բնության հատուկ պահպանվող տարածքը երկար ժամանակ չի կիրառվել իր ուղիղ նպատակով, և տեղի է ունեցել առանձնապես ծանր հանցագործություն՝ բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունների արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված, առանձնապես խոշոր արժեք ունեցող գույքի օրինականացում։

Վարդապետյանը նշել է, որ Մինասյանը տեղեկացված է եղել, որ Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը, 2010-2015 թվականների ընթացքում ապօրինի զավթել՝ առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող, ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, Հայաստանի Հանրապետությանը պատկանող, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեի 10526 քմ մակերեսով հողատարածքը, տեղեկացված է եղել, որ կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում Սեյրան Օհանյանը հիշյալ տարածքում ինքնակամ կառուցել է ապօրինի շինություններ, տեղեկացված է եղել, որ իրավասու, այդ թվում՝ իրեն ենթակա պաշտոնատար անձանց կողմից նշված իրավախախտումները տևական ժամանակ չեն արձանագրվել և դրանց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով ընթացք չի տրվել:

Այդ պայմաններում՝ խմբային շահերից ելնելով, Արծվիկ Մինասյանը չի իրականացրել իր ծառայողական պարտականությունները, չի ձեռնարկել քայլեր խախտումները վերացնելու կամ իրավական պատասխանատվության ենթարկելու համար։

Ընդհակառակը՝ Սեյրան Օհանյանի կողմից հողատարածքի զավթման և ապօրինի շինարարության փաստը, ինչպես նաև անգործություն ցուցաբերած պաշտոնյաների վարքագիծը քողարկելու և օրինական տեսք հաղորդելու նպատակով նա, այլ անձանց մասնակցությամբ, միջոցներ է ձեռնարկել հիշյալ տարածքի նկատմամբ Օհանյանի կողմից որոշված՝ նրա հետ փոխկապակցված անձի անունով կառուցապատման իրավունքի տրամադրման ուղղությամբ։

Մասնավորապես՝ 2016 թվականի սեպտեմբերի 28-ին «Սևան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Գնդոյանի կողմից ուղարկված գրությամբ ստանալով կեղծ բովանդակություն ունեցող փաստաթղթեր՝ որոնցում նշված էր, թե հողատարածքը շենք-շինություններով ծանրաբեռնված չէ, Արծվիկ Մինասյանը դրանք ներկայացրել է միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի քննարկմանը։

Նրա նախագահությամբ 2016 թվականի հոկտեմբերի 5-ին կայացած հանձնաժողովի նիստում միաձայն որոշվել է այս հողատարածքը ներկայացնել կառուցապատման իրավունքով մրցույթի։ Նիստից հետո՝ հոկտեմբերի 6-ին, Մինասյանը գրություն է ուղարկել կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանին՝ կից ներկայացնելով նույն՝ իրականությանը չհամապատասխանող տվյալները։

Հոկտեմբերի 27-ին կառավարական կոմիտեի նիստում այս հողատարածքի հարցը քննարկվել է ու հաստատվել՝ Արծվիկ Մինասյանին հանձնարարվել է ապահովել մրցույթի թափանցիկությունը։ Իսկ դեկտեմբերի 12-ին անցկացված մրցույթին, ըստ փաստաթղթերի, մասնակցել են Սեյրան Օհանյանի հետ կապ ունեցող անձինք՝ նախկին վարորդ Արթուր Առաքելյանի մորաքրոջ որդին՝ Բենիամին Ղալեչյանը և օգնական Արթուր Գրիգորյանի եղբայրը՝ Էդգար Գրիգորյանը։

Մրցույթում միաձայն հաղթող է ճանաչվել Բենիամին Ղալեչյանը՝ կեղծ փաստաթղթերի, նախագծային հիմքերի բացակայության պայմաններում։

«Սևան» ազգային պարկի խորհրդի՝ դեկտեմբերի 26-ի որոշմամբ հաստատվել է Ղալեչյանի հետ կնքվելիք պայմանագիրը՝ տարեկան 631,560 դրամ վճարով և 25 տարի ժամկետով։

2017 թվականի մայիսի 3-ին կնքվել է պայմանագիրը, իսկ մայիսի 22-ին պետական գրանցում է իրականացվել, և Ղալեչյանին տրամադրվել է սեփականության վկայական։

Այս բոլոր քայլերը, ըստ դատախազի, վկայում են, որ Արծվիկ Մինասյանը, խմբային շահերից ելնելով, չի կատարել իր պարտականությունները, իսկ պաշտոնեական դիրքը ծառայել է հակառակ՝ խոչընդոտելով իրավական գործընթացին։

Այդ կերպ խաթարվել է պետական կառույցների բնականոն աշխատանքը, իրավախախտումները չեն արձանագրվել, վնասը չի վերականգնվել, իսկ օրինախախտ անձինք չեն ենթարկվել պատասխանատվության։ Ավելին, օգտագործվել են կեղծ փաստաթղթեր՝ քողարկելու համար Սեյրան Օհանյանի և նրա ենթակա անձանց հակաիրավական վարքագիծը, իսկ պետական հողատարածքը տևական ժամանակ չի կիրառվել իր նպատակային նշանակությամբ։

Արդյունքում՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված, առանձնապես խոշոր չափի գույքի նկատմամբ ձևակերպվել է երրորդ անձի իրավունքը՝ ապահովելով դրա անխոչընդոտ տիրապետումն ու օգտագործումը։

Այսպիսով, Արծվիկ Մինասյանին վերագրվում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) նախատեսված հանցագործության կատարում։

Ներկայացված ապացույցների՝ թույլատրելիության, հավաստիության և բավարարության համակցության հիման վրա, դատախազությունն առաջարկում է Ազգային ժողովին տալ համաձայնություն՝ Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։