Խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, անդրադառնալով պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ դատախազի ներկայացրած միջնորդությանը, նշել է, որ Աննա Վարդապետյանը ՀՀ «առաջին և միակ դատախազն է, որի հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվում»։
«Շնորհավորում եմ ձեզ՝ Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին և միակ դատախազն եք, որի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվում։ Շնորհավորում եմ ձեզ, փաստորեն համ դատախազ եք, համ օպերի ֆունկցիա եք կատարում»,- ասել է Խամոյանը՝ դիմելով ամբիոնի մոտ կանգնած գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, հայտնում է Panorama.am-ը։
Խամոյանը պնդել է, որ քրեական գործը, որի շրջանակում ներկայացվել է միջնորդությունը, չունի օրինական հիմք և կրում է քաղաքական բնույթ։
Նրա խոսքով՝ Արծվիկ Մինասյանի՝ 2016 թվականի սեպտեմբերի 27-ին նախարար նշանակվելուց ընդամենը մեկ օր անց՝ սեպտեմբերի 28-ին, նախարարությունում մուտքագրվել է ենթադրաբար անօրինական փաթեթ, ինչն անտրամաբանական է։
«Արծվիկ Մինասյանը նախարար է նշանակվել 2016 թվականաի սպետեմբերի 27-ին, ենթադրայալ ապօրինի փաթեթը նախարարություն մուտք է արվել հաջորդ օրը։ Ուզում եք ասել՝ 24 ժամվա նշանակված նախարարը հանցավոր կապի մեջ է եղել ենթադրյալ հանցագործների հետ։ Չասացիք, թե այլ անձինք ովքեր են, որոնք ցուցմունքներ են տվել, դուք միայն մեջբերում էինք անում Արծվիկ Մինասյանի ցուցունքը։ Ստացվում է՝ Մինասյանը ցուցմունք է տվել ինքն իր դեմ։
Մեղադրում եք Արծվիկ Մինասյանին, որ չի ստուգել փաթեթի օրինականությունը, բայց դրա լիազորությունները ի պաշտոն չի ունեցել։ Դա նույնն է, որ վաղն այդ ամբիոնից ձեր դեմ մեղադրանք ներկայացվի նրա համար, որ նախաքննական մարմնի ներկայացրած փաստերը չեք ստուգել ու գործեր եք հարուցել։ Օրինակ, հայտնի ձայնագրությունների օրիանականությունը չեք ստուգել, դրանց հիման վրա քրեական գործեր եք հարուցել։ Այս տրամաբանությամբ, ձեզ վաղը մեղադրանք է ներկայացվելու։ Դուք Հայաստանում օրինականություն չեք ապահավում, Փաշինյանի համար եք ենթրադրյալ օրինականություն հաստատում»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։
Նա նաև ընդգծել է, որ գլխավոր դատախազը պատշաճ կերպով չի բացահայտել, թե ովքեր են եղել մյուս անձինք, որոնց ցուցմունքների հիման վրա կազմվել է մեղադրանքը, և ամբողջությամբ հենվել է հենց Արծվիկ Մինասյանի ցուցմունքի վրա։
Մինչ այս միջնորդության քննարկումը, դատախազը ներկայացրել է նաև Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համաձայնության հարցը։ Այդ քննարկման ընթացքում ընդդիմադիրները լքել են դահլիճը, քանի որ Օհանյանը նիստին չի մասնակցել՝ առողջական խնդիրների պատճառով։