4 հուլիսի 2025 - 14:13 AMT
Բագրատ սրբազանի փաստաբանն առաջարկել է ամբողջությամբ հրապարակել ձայնագրությունները` առանց մոնտաժի

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի փաստաբանական խմբի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով իրավապահ մարմիններին, որ հրապարակեն առկա ձայնագրություններն ամբողջությամբ՝ առանց մոնտաժի։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Տարածվեց տեղեկություն «գյուլլելու» մասին ձայնագրությունը կոնտեքստից կտրելու վերաբերյալ: Մի քանի օր առաջ եմ Բագրատ Սրբազանից լսել, որ եթե այդպիսի խոսքեր իսկապես հնչել են, ապա պիտի լինի թմրավաճառների վերաբերյալ զրույցում:

Մարտավարական նկատառումով այս փուլում չէի ցանկանում հրապարակել այդ տեղեկությունը, սակայն այն, որ դա տարածվել է հավանաբար վկայում է, որ իրավապահ համակարգն էլ որոշակիորեն փորձում է դիմադրել ահագնացող ապօրինություններին:

Կրկին առաջարկում եմ ամբողջությամբ հրապարակել ձայնագրությունները` առանց մոնտաժի:

Չգիտեմ, թե ինչու են իշխանության ներկայացուցիչները, ունենալով ամբողջական տեղեկատվություն, «ահաբեկված» խաղում: Գուցե իրենց տեսել են թմրաբիզնեսի պարագլուխների թվում»,– գրել է Խուդոյանը։

Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։