4 հուլիսի 2025 - 14:39 AMT
Փաշինյանը՝ Թրամփին․ ՀՀ–ն մեծապես կարևորում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խորացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին։ Նա նշել է, որ ՀՀ–ն մեծապես կարևորում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խորացումը։

«Մեծարգո պարոն նախագահ, ՀՀ Կառավարության և ժողովրդի, ինչպես նաև իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Հայաստանին և Միացյալ Նահանգներին միավորում են մեր ժողովուրդների պատմական բարեկամությունը, ժողովրդավարական սկզբունքներին ու քրիստոնեական արժեքներին նվիրվածությունը, ինչպես նաև հաստատուն հանձնառությունը ազատությանը, արժանապատվությանը և արդարությանը:

Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խորացումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր, ներառյալ՝ առևտրի, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, հանքարդյունաբերության, տրանսպորտի ու ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնումը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով էլ ավելի բարձր մակարդակի կհասցնենք մեր հարաբերությունները՝ ի բարօրություն Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների:

Բարձր եմ գնահատում աշխարհում հակամարտություններին վերջ դնելու և խաղաղություն հաստատելու Ձեր տեսլականը: Լիահույս եմ, որ Ձեր առաջնորդության ներքո Միացյալ Նահանգները հիմնարար ներդրում կունենա Հարավային Կովկասում երկար սպասված խաղաղություն ու կայունություն հաստատելու և բարգավաճում ապահովելու գործում: Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության Կառավարության անսասան հավատարմությունը խաղաղության օրակարգին՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքներին համահունչ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը:

Մեկ անգամ ևս շնորհավորելով Ձեզ ԱՄՆ-ի Անկախության օրվա առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, հաջողություն ու նորանոր ձեռքբերումներ, իսկ Միացյալ Նահանգների ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և շարունակական առաջընթաց»,–ասվում է ուղերձում։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր ուղերձում շեշտել է հայ-ամերիկյան համագործակցության զարգացումը։

«Համոզված եմ, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները համատեղ ջանքերով ավելի կզարգացնենք և կամրապնդենք` ընդգր­կե­լով հա­մա­գոր­ծակ­ցու­թյան նո­ր ո­լորտ­ներ և հատուկ նշանակություն տալով ռազմավարական գործընկերության ձևաչափին:

Բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը»,– ասվում է ուղերձում։

Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։ ՀՀ կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ կողմից՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։