Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովի նիստում, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանի հարցին, նշել է, որ ՊՆ նախկին ղեկավար, պատգամավոր Սեյրան Օհանյանի պաշտոնավարման ընթացքում կատարած վերջին գործողությունը, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 2016-ի դեկտեմբերի 26-ին։
«Մեր կողմից մեղսագրվող հոդվածը ծանր հանցագործություն է, և վաղեմության ժամկետը դեռ անցած չէ»,-ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։
Այս հայտարարությամբ նա արձագանքել է պատգամավորի հետաքրքրությանը, թե արդյոք ընդդիմադիր պատգամավորին մեղսագրվող արարքն ունի՞ վաղեմության ժամկետ:
Ալեքսանյանի մեկ այլ հարցին՝ ինչ պատիժ կարող է կիրառվել մեղադրանքը հաստատվելու պարագայում, Վարդապետյանը պատասխանել է, որ ազատազրկման հետ կապված պատիժ է նախատեսվում։
«Դատարանը միակ մարմինն է, որ պատիժը կորոշի, բայց այդ թվում՝ ազատազրկման հետ կապված պատիժ [է նախատեսվում]»,–ասել է նա։
2025 թվականի հուլիսի 4-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված ընթացակարգով ներկայացրել է միջնորդագիր՝ քրեական հետապնդում սկսել ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ։ Գործն այս պահին գտնվում է խորհրդարանի քննարկման փուլում։