4 հուլիսի 2025 - 16:11 AMT
Քոչարյան․ Հրապարակային հայտարարել ենք, որ կողմ ենք Համբարձումյանի թեկնածության

ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը նշել է, որ «Հայաստան» խմբակցությունը երբեք դեմ չի հանդես եկել Դավիթ Համբարձումյանի թեկնածությանը, այլ հրապարակայնորեն հանդես է եկել նրան աջակցելու դիրքորոշմամբ։

«Դավիթ Համբարձումյանի մասով ճիշտ չեն գնահատականները, մենք չենք ասել՝ կողմ չենք նրա թեկնածությանը, հակառակը՝ հրապարակային հայտարարել ենք, որ կողմ ենք»,- ասել է նա՝ արձագանքելով իմպիչմենտի գործընթացին վերաբերող հարցերին, հայտնում է Panorama.am-ը։

Նա ընդգծել է, որ խմբակցությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ այն մասին, թե որ դեպքում կմիանան իմպիչմենտի գործընթացին։

«Դավիթի մասով մենք հայտարարել ենք, որ կողմ ենք, նույնիսկ ցույց ենք տվել ստորագրություններն՝ ավելորդ խոսակցություններից խուսափելու համար»,–ասել է նա։

Անդրադառնալով Միքայել սրբազանի թեկնածության հարցին՝ Քոչարյանը հստակեցրել է, որ դա իրենց նախաձեռնությունը չի եղել:

«Կար արդեն նախաձեռնություն, և մենք էլ հայտարարել ենք, որ եթե Սշսրբազանը համաձայնի, մենք էլ մեր ստորագրություններով կաջակցենք»,- ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

«Հայաստան» խմբակցությունն ավելի վաղ հայտնել է իր պատրաստակամության մասին՝ մասնակցելու գործընթացին 28 ստորագրությամբ, սակայն «Պատիվ ունեմ» խմբակցությունից նշվում է, որ այդ ստորագրությունները փաստացի չեն ընդգրկվել իրենց պատրաստած փաստաթղթում։