ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրի քննարկման ժամանակ իր մոտ առաջ են եկել տարբեր զգացողություններ, քանի որ այն, ինչ լսել է դատախազի ելույթից ու հարցուպատասխանից, հարուցել է տարակուսանք։
«Տարբեր զգացողություններ էի ունենում, երբ լսում էի դատախազի ելույթը, այնուհետև հարցուպատասխանը: Մի պահ ջղայնացա, մի պահ հանգստացա, որովհետև հասկացա, որ, ամենայն հավանականությամբ, իրավական տեսակետից ՀՀ գլխավոր դատախազին կա՛մ ճիշտ չեն զեկուցել, կա՛մ պատշաճ ուսումնասիրություն չի իրականացրել այս գործի մանրամասների մասով»,-ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։
Նա շեշտել է, որ իր լիազորություններից մինիմալ անգամ չի շեղվել։
«Վերագրվում են ինձ բաներ, որոնք ոչ միայն իրավական տեսակետից վերագրելի չեն, այլ մտադրություններ, որոնք բացարձակ տեղ չունեն»,–ասել է նա։
Մինասյանը հիշեցրել է, որ նախարարի պաշտոնը ստանձնել է 2016 թվականի սեպտեմբերի 27-ին և առաջին ամիսն ամբողջությամբ նվիրել է բնապահպանական ոլորտի, այդ թվում՝ հատուկ պահպանվող տարածքների խնդիրներին ծանոթանալուն։ Այդ տարածքները, ըստ նրա, կազմում են մոտ 310 հազար հեկտար, և միայն «Սևան» ազգային պարկում խորհրդային շրջանից մնացած 4800 ապօրինի կառույց է հաշվարկվել։
Նրա խոսքով՝ նախարար նշանակվելուց հետո առաջնահերթ խնդիր է դրել՝ բացառել հողերի անօրինական օգտագործումը։ Որոշում է կայացվել, որ հողի օգտագործման համար պետք է վճարվի, և դա պետք է կատարվի բնապահպանական կանոնների պահպանմամբ։
«Որևէ իրավանորմ տիկին դատախազը չի կարող վկայակոչել, որ խախտվել է: Այն բոլոր պնդումները, թե իբր եղել են ձևական, իրականությանը չեն համապատասխանում: Մրցույթը իրականացվել է ըստ գործող կարգավորումների: Որևէ արգելք որևէ անձի նկատմամբ չի եղել: Բնապահպանության նախարարը և նախարարության աշխատակիցները չունեն որևէ իրավական պարտավորություն՝ ստուգելու, պարզելու անձանց փոխկապակցվածության վերաբերյալ: Դա նաև մարդու իրավունքի խախտում է: Չկա այդ իրավունքը, ես ո՞նց պետք է վերցնեմ, ասեմ՝ X անձը Y-ի հետ կապված է»։
Հարցին, թե ինչու չի հայտնել, որ տարածքում կա ապօրինի կառույց, Արծվիկ Մինասյանը պատասխանել է. «Եթե նշեի, կստացվեր, որ ճանաչում եմ այդ շինությունը, երկրորդ՝ սահմանափակում եմ ապագա մրցույթի մասնակիցներին»։
Նա նաև արձագանքել է գլխավոր դատախազի պնդմանը, թե իբր գիտակցել է, որ շենք-շինությունները կառուցվել են Սեյրան Օհանյանի կողմից։
Մինասյանը դա մերժել է՝ հայտարարելով. «Սուտ: Ես ոչ միայն չեմ իմացել, թե ով է կառուցապատել, ավելին, պարոն Օհանյանը կապ ունի՞ կառուցապատման հետ, թե՞ չէ: Ես ընդամենն ասել եմ, որ ինձ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ օգտագործվում է պարոն Օհանյանի կողմից։
Ես իմ լիազորությունների սահմաններում եմ գործել, իմ լիազորություններից մինիմալ անգամ չեմ շեղվել, գործել եմ՝ ելնելով պետության և շրջակա միջավայրի շահերից»։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է միջնորդագիր՝ Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու համար, որը ներկայումս քննարկվում է Ազգային ժողովում։