«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ազգային ժողովի արտահերթ նիստում բարձրացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հնարավոր ներգործության հարցը՝ դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ով այդ պահին ներկայացրել է Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը։
«Արդյո՞ք ներգործություն չէ Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի կողմից այն հայտարարությունները, որոնք ուղղված էին ընդդիմությանը, որ «կտանեմ, բոլորիդ ԱԱԾ պադվալները կլցնեմ»,- ասել է Դանիելյանը, գրում է Panorama.am-ը։
Պատգամավորը նաև պահանջել է հստակ դիրքորոշում մեկ այլ խնդրի վերաբերյալ՝ ընդգծելով. «Արդյոք ներգործություն չէ Փաշինյանի կողմից sms հաղորդագրությունները, մասնավորապես ուղղված ԲԴԽ-ին, այլ ուժային կառույցներին»։
Ի պատասխան՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշել է, որ հարցը չի վերաբերում միջնորդագրին։