4 հուլիսի 2025 - 18:22 AMT
Պոլսո հայոց պատրիարք. Մենք լուռ բողոքի ակցիա անցկացրինք, և Փաշինյանը հասկացավ դա

Պոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը ԱՄՆ կատարած այցն ավարտելուց հետո Ստամբուլում տված մամուլի ասուլիսում անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ստամբուլ կատարած այցի ընթացքում պատրիարքարանի փակ լինելուն և Թուրքիայի հայ համայնքում արձագանքներին։ Պատրիարքը պարզաբանել է նաև, թե ինչու որևէ հոգևորական ներկա չի գտնվել վարչապետի՝ Գումգափը այցի ժամանակ։

Փաշինյանի՝ Ստամբուլ այցի ժամանակ տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը հայոց պատրիարքարանը հոգևոր մասնակցություն չէր ունեցել, իսկ Պատրիարքարանի շենքն այդ օրը փակ էր։

«Պարոն Փաշինյանի՝ Գումգափը կատարած այցի ժամանակ հոգևորականի բացակայությունը գիտակցված դիրքորոշում է։ Պատճառը նրա կողմից Գարեգին Բ կաթողիկոսի նկատմամբ օգտագործված վիրավորական և ագրեսիվ լեզուն է»,–ասել է նա, հայտնում է Factor.am-ը՝ Agos-Ի վրա հղումով։

Մաշալյանը հավելել է, որ այլ եկեղեցիներ նույնպես նույն կերպ են արձագանքել։

«Կիլիկիայի կաթողիկոս Արամ Ա-ն նույնպես հայտարարել է, որ ինքը Էջմիածնի հետ է։ Նմանապես՝ Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանը։ Իմ հոգևոր եղբայրները, որոնք ինձ հետ էին ծառայում, չէին ցանկանում այնտեղ տեսնել վարչապետի հետ։ Սա քաղաքական բանավեճ է և քաղաքական բախում։ Մենք չենք ուզում, որ սա արվի Ամենայն հայոց կաթողիկոսության միջոցով, մենք չենք ուզում, որ եկեղեցու ներքին գործերին միջամտեն քաղաքական պատճառներով, և մենք չենք ուզում, որ հարցերը լուծվեն վիրավորական լեզվով։ Եվ մենք ցույց տվեցինք մեր ամենաբնական արձագանքը։ Սա մեր հստակ արձագանքն է»,–նշել է նա։

Մաշալյանը նշել է նաև, որ վարչապետ Փաշինյանի Ստամբուլ կատարած այցի հետ կապված շփոթմունք կար։

«Հայաստանի Հանրապետությունը հաստատություն է, բայց Թուրքիայի հայոց պատրիարքարանը նույնպես հաստատություն է։ ՀՀ-ն ունի 35 տարվա պատմություն։ Սակայն Թուրքիայի հայոց պատրիարքարանն ունի ավելի քան 500 տարվա պատմություն։ Փաշինյանի Ստամբուլի հայ համայնք կատարած այցի համար կա արարողակարգ։ Մենք նախկինում պատրիարքարանում հյուրընկալել էինք Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Սակայն այս վերջին այցի վերաբերյալ պաշտոնական գրություն չի եղել։ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը հայտնել է, որ վարչապետ Փաշինյանը կգա Ստամբուլ, բայց չի այցելի պատրիարքարան, այլ կգա Գումգափըիի Աստվածածին պատրիարքական եկեղեցի և մոմ կվառի»,- ասել է պատրիարք Մաշալյանը։

Նրա խոսքով՝ մեղավոր չէ ոչ թե պատրիարքարանը, այլ հենց Հայաստանի պետական կառույցները, որոնք չեն պահել անհրաժեշտ արարողակարգը։

Պատրիարքին հիշեցվել է նաև այն հանգամանքը, որ կաթողիկոս Գարեգին Բ-ն ինքը նույնպես քաղաքական դիրքորոշում է ունեցել և երկար ժամանակ կանգնել է ընդդիմադիրների կողքին՝ Փաշինյանի դեմ։ Ի պատասխան՝ Մաշալյանը նշել է, որ վարչապետը փորձում է ազդել եկեղեցու գործերի վրա և ձգտում է այնպիսի կաթողիկոս ունենալ, որը համահունչ կլինի իր պատկերացումներին ու կարող է փոխվել ըստ քաղաքական անհրաժեշտության։

«Եթե ես այստեղ լինեի, կընդունեի նրան և անձամբ կասեի իմ առարկությունները։ Բայց ես այստեղ չէի։ Բայց սա այնպիսի խնդիր չէ, որը կարող է վստահվել ուրիշին։ Մենք այս վերաբերմունքը ճիշտ համարեցինք։ Մենք լուռ բողոքի ակցիա անցկացրինք, և պարոն Փաշինյանը հասկացավ դա»,–ասել է Մաշալյանը։

Պատրիարքը հավելել է, որ երբ հոգևորականը մտնում է քաղաքական դաշտ, պետք է պատրաստ լինի հետևանքներին։

«Երբ հոգևորականը մտնում է քաղաքականություն, կա վճարելու գին։ Ճիշտ է նա, թե սխալ՝ կտեսնենք»,–նշել է նա։

Նա նաև արձագանքել է որոշ հոգևորականների՝ Էջմիածնի շուրջ քաղաքական գործընթացների վերաբերյալ արված հայտարարություններին։

«Որպես Թուրքիայի հայեր՝ մենք ցանկանում ենք, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունները բարելավվեն։ Փաշինյանը սխալ քաղաքականություն չի վարում, մենք աջակցում ենք նրան։ Բայց սա ասելով՝ չենք կարող անտեսել նրա կողմից մեր եկեղեցու նկատմամբ ցուցաբերված քաղաքական դիրքորոշումը»,- հայտարարել է պատրիարքը։

Պատրիարք Մաշալյանը անդրադարձել է նաև իր անունից արված որոշ հայտարարությունների մասին հնչող քննարկումներին։

«Իմ անունը՝ որպես Ստամբուլի պատրիարք, որոշ մարդկանց կողմից սկսել է հիշատակվել որպես որոշակի ուժերի կողմից որոշված «նոր կաթողիկոսի» թեկնածու։ Մեր հազարամյա եկեղեցական ավանդույթներն ու հոգևորականական կարգապահությունը պահանջում են, որ մենք երբեք չցանկանանք կամ նույնիսկ չմտածենք նոր կաթողիկոս ընտրելու մասին, քանի դեռ գահին է ներկայիս կաթողիկոսը»,-ասել է նա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հանդիպել է տեղի հայ համայնքի ու հայկական մամուլի ներկայացուցիչների հետ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ իր հանդիպումից առաջ։ Այդ հանդիպմանը, սակայն, պատրիարքարանից որևէ հոգևորական ներկա չի եղել։