Լոռու մարզի Վանաձոր քաղաքում մեկնարկել է տեխնոլոգիական խոշոր միջոցառումներից Vanadzor Tech Week-ը, որը միավորել է ոլորտի առաջատարներին, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին, փորձառու և սկսնակ ձեռնարկատերերին, ուսանողներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքված են տեխնոլոգիական ոլորտով ու նորարարություններով։
Inecopeople-ը Tech Week-ին անցկացվող ԴևHacks հաքաթոնի գլխավոր հովանավորն է։ Հաքաթոնին 3-5 անդամներից բաղկացած թիմերը 48 ժամվա ընթացքում տեղում կփորձեն կյանքի կոչել իրենց նորարարական գաղափարները։ Inecopeople-ի հովանավորության շրջանակում է նաև հաքաթոնի առաջին տեղի մրցանակը՝ 10.000 ԱՄՆ դոլարի չափով։
«Մենք սիրով ենք միացել հաքաթոնին, քանի որ այստեղ տեսնում ենք այն, ինչին հենց ինքներս ենք հավատում Ինեկոբանկում ու հատկապես՝ Inecopeople-ում. դա զարգացումն է, տաղանդների բացահայտումն ու աջակցումը և հավատը՝ տեխնոլոգիական ապագայի հանդեպ։ Հաքաթոնին միացել ենք «Ինեկոբանկը քո կողքին» նախաձեռնության շրջանակում։ Այս նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին անընդմեջ կրթության աջակցության ծրագիր ենք իրականացնում, որն այս տարի շատ ավելի մասշտաբային է։ «Ինեկոբանկը քո կողքին» ծրագրով մենք պարզապես ֆինանսավորում չենք իրականացնում. մենք ձևավորում ենք հարթակներ, որտեղ նոր գաղափարներ կծնվեն, նոր սերնդի տաղանդները կունենան զարգացման ու առաջընթացի հնարավորություններ։ Եվ այս առումով, մեծապես կարևորելով հենց տեխնոլոգիական ոլորտում շարունակական կրթությունը, միացանք ԴևHacks-ին»-ելույթում նշել է Ինեկոբանկի Գործատուի բրենդի կառավարման բաժնի ղեկավար Էլինա Ստեփանյանը։
«Ինեկոբանկը քո կողքին» նախաձեռնության շրջանակում մեկնարկել է կրթության աջակցության ծրագիր, որի բյուջեն ավելի քան 1 միլիարդ դրամ է։ Ծրագրի շրջանակում 150 ուսանողի կրթաթոշակ է տրամադրվելու, իրականացվելու է 15 ուսանողի 1 ուսումնական տարվա վարձավճարի փոխհատուցումը, 20-ն արտերկրում կարճաժամկետ կրթական ծրագրի մասնակցելու հնարավորություն կստանա, 30 մասնագետ՝ մագիստրոսական կրթության ֆինանսավորում աշխարհի թոփ 50 համալսարաններում։ Ծրագրի դիմում հայտերն արդեն ընդունվում են վեբ կայքում։
ԴևHacks-ի նախագծերի գնահատման ժյուրիի կազմում է նաև Ինեկոբանկի Կիրառական ծրագրերի զարգացման և ավտոմատացման բաժնի ղեկավար Էրնեստ Մանուկյանը։ Tech Week-ի շրջանակում Բանկի Գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը կմասնակցի պանելային քննարկման/դեբատի «Ֆինանսների ապագան Հայաստանում. բանկեր, ֆինթեք web3՝ հակամարտություն, թե համատեղում» թեմայով, Նախագծերի կառավարման կենտրոնի ղեկավար Արա Արարատյանը ելույթ կունենա «Transformational Technological Project Management» թեմայով։
Tech Week 2025-ի շրջանակներում հուլիսի 5-ին նաև տեղի կունենա Ineco Tech Stage համերգային երեկոն, որը կազմակերպել է Ինեկոբանկը՝ Mastercard-ի հետ համատեղ։