4 հուլիսի 2025 - 18:45 AMT
ՀՌՀ․ Հանրային մուլտիպլեքսը չպետք է օգտագործվի օտարերկրյա քաղաքական օրակարգերի սպասարկման համար

Հուլիսի 4-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն արտահերթ նիստում ընդունվել է հայտարարություն, որտեղ ասվում է, որ Հանրային մուլտիպլեքսը չպետք է օգտագործվի օտարերկրյա քաղաքական օրակարգերի սպասարկման համար։

Նվում է նաև, որ ՌԴ երկու հեռուստաալիքները շարունակում են ներառել իրենց հաղորդումներում ապատեղեկատվություն, հասարակական լարվածություն հրահրող բովանդակություն։

«2020 թ. դեկտեմբերին ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը, որի նպատակներից էր «ՀՀ և ՌԴ միջև բարեկամական հարաբերությունների ու համագործակցության հետագա զարգացումը հեռահաղորդակցության բնագավառում»: Ըստ համաձայնագրի՝ Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում հեռարձակվեցին «ՌՏՌ-Պլանետա», «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց» և «ՌՏՌ-Կուլտուրա» հեռուստածրագրերը:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը պարբերաբար արձանագրել է, որ «ՌՏՌ-Պլանետա» և «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց» հեռուստածրագրերի որոշ հաղորդումներ բազմիցս խախտել են ոչ միայն նշված համաձայնագրի դրույթները, այլև ՀՀ օրենսդրական նորմերը, այդ թվում՝ ակնհայտորեն հակասել են հայ-ռուսական ավանդական ու փոխադարձ հարգանքով պայմանավորված հարաբերություններին:

Օրինակ, համաձայնագրի 4-րդ հոդվածով նախատեսված է, որ ռուսական կողմը պարտավոր է Հանրային հեռարձակողին տրամադրել համընդհանուր հեռարձակման լիցենզիա, ինչը հնարավորություն կտար հեռարձակում իրականացնել ՌԴ ողջ տարածքում։ Չնայած փաստաթղթի ստորագրմանը անցել է արդեն չորսուկես տարի, մինչ այժմ Հայաստանի Հանրային հեռուստաալիքը ՌԴ-ում չի հեռարձակվում։ Ավելին, երկկողմ հանդիպումների ընթացքում պարզ է դարձել, որ ՌԴ օրենսդրության մեջ «ունիվերսալ հեռարձակման լիցենզիա» հասկացությունը գոյություն չունի։

Համաձայնագրի 5-րդ հոդվածով ՌԴ հեռուստաալիքները պարտավորվում են հարգել ՀՀ օրենսդրությունը՝ բացառելով հաղորդումներ, որոնք պարունակում են հայ ժողովրդի արժանապատվությունը նվաստացնող կամ ազգային արժեքները վիրավորող բովանդակություն։ Սակայն այս պայմանը նույնպես խախտվել է. հիշյալ ալիքները բազմիցս հեռարձակել են հաղորդումներ, որոնցում առկա են եղել ՀՀ պետական մարմինների ու քաղաքացիների հասցեին վիրավորանքներ և սուբյեկտիվ, երբեմն ագրեսիվ բնութագրումներ՝ փաստերի փոխարեն ներկայացնելով հույզերի վրա հիմնված մեկնաբանություններ։

6-րդ հոդվածն ապահովում է հեռարձակման երկրի ազգային տոների ու հիշատակի օրերի նկատմամբ հարգանքի ցուցաբերում։ Մինչդեռ, Հայաստանի օրենսդրության համաձայն, սգո և հիշատակի օրերին արգելվում է գովազդ և ժամանցային բովանդակություն հեռարձակելը, ինչը մի քանի անգամ անտեսվել է այդ հեռուստաալիքների կողմից։

Վերոնշյալ խնդիրների ու այլ խախտումների պատճառով «ՌՏՌ-Պլանետա» և «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց» ալիքների վերահեռարձակման նպատակահարմարության հարցը հաճախ դարձել է հասարակական քննարկման առարկա։ Հանձնաժողովին շարունակաբար ուղարկվում են բողոքներ, առաջարկներ՝ պահանջելով, որ կարգավորող մարմինը կանխի հանրային մեդիատարածքում այնպիսի միջավայրի ձևավորումը, որտեղ վիրավորանքը, ապատեղեկատվությունը, գռեհիկ խոսքը, բռնության արդարացումը և մարդու իրավունքների խախտումը դառնում են ընդունված երևույթներ՝ ազդելով հանրային մտածողության և վարքի վրա։

Այդ ալիքների հաղորդումներից բխող թշնամանքի մթնոլորտը, ըստ հանձնաժողովի, ոչ միայն խաթարում է տեղեկատվական անվտանգությունը, այլև խոչընդոտում է Հայաստանի ու Ռուսաստանի ժողովուրդների փոխադարձ ըմբռնման, հարգանքի և համագործակցության զարգացմանը։

Այս կապակցությամբ հանձնաժողովը տեղեկացրել է, որ պարբերաբար դիմել է ՀՀ կառավարությանը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝ ներկայացնելով արձանագրված խախտումները։ Առաջարկվել է ձեռնարկել քայլեր՝ կարգավորող մարմնի վերահսկող լիազորությունները ընդլայնելու, ինչպես նաև կատարել օրենսդրական փոփոխություններ։ Այս խնդիրները ներառվել են նաև Ազգային ժողովին ներկայացված ՀՌՀ տարեկան հաշվետվություններում։ ՌԴ գործընկերների հետ կառուցողական երկխոսության շրջանակում ևս փորձ է արվել լուծել տարաձայնությունները։

Սակայն, ինչպես նշում է ՀՌՀ-ն, ռուսական այդ երկու հեռուստաալիքները շարունակում են ցուցադրել հաղորդումներ, որոնք պարունակում են ապատեղեկատվություն, հրահրում են հանրային լարվածություն, տարածում են ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր, հայհոյախառն հայտարարություններ և ատելություն։

Հանձնաժողովը վերահաստատել է իր մոտեցումը՝ հանրային մուլտիպլեքսը չպետք է ծառայի օտարերկրյա քաղաքական շահերի սպասարկմանը։

«Հայաստանի տեղեկատվական միջավայրը պետք է պաշտպանված լինի ցանկացած օտար ուժի մանիպուլյատիվ, քարոզչական և սադրիչ ազդեցությունից՝ ներառյալ ներքաղաքական գործընթացներին միջամտելու փորձերը։ ՀՌՀ-ն ընդգծել է, որ իր հիմնական պարտականությունն է ապահովել հանրային շահերի պաշտպանությունը, պահպանել ազգային արժանապատվությունը և երաշխավորել ՀՀ քաղաքացիների իրավունքը՝ հավասարակշռված ու վստահելի տեղեկատվություն ստանալու հարցում»,–ասվում է հայտարարության մեջ։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ պետք է լրջորեն քննարկել ՀՀ-ում ռուսական ալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը: