ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում, իրականացված քննչական միջոցառումների և ՆԳՆ ծառայողների համատեղ համակարգված աշխատանքի արդյունքում ստացվել են նախնական փաստական տվյալներ, ըստ որոնց՝ 2025 թվականի մարտի 14-ին երկու անձանց հաջողվել է ապօրինաբար մուտք գործել Վանաձորի բնակչուհի Ք.Բ.-ի բնակարան։ Նրանք ատրճանակով սպառնացել են նրան և նրա անչափահաս երեխային, պահանջել են դրամական միջոցներ ու ոսկյա զարդեր, ինչից հետո Ք.Բ.-ն ննջասենյակից հանձնել է 7 ոսկյա զարդ՝ զարդատուփի մեջ։
Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ վարույթի շրջանակում Տ.Ու.-ի և Գ.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ ավազակությանը օժանդակելու համար։ Իսկ Գ.Մ.-ն հետապնդվում է 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ավազակություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի զենք և ռազմամթերք պահելու մեղադրանքով։
Տ.Ու.-ն և Գ.Պ.-ն այժմ կալանքի տակ են, իսկ Գ.Մ.-ի հայտնաբերման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։
Նախաքննությունը շարունակվում է։
«Հիշեցնենք, որ ավելի վաղ Տ.Ու-ի փաստաբան Ռ.Ե.-ն հավաք էր կազմակերպել ի պաշտպանություն իր պաշտպանյալի՝ ներկայացնելով, թե իբր Տ.Ու-ն հանիրավի էր կասկածվում ավազակային հարձակում կատարելու մեջ»,-ասված է ՔԿ տարածած հաղորդագրության մեջ։
Տիգրան Ուլուբաբյանի շահերը պաշտպանում է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։