5 հուլիսի 2025 - 11:48 AMT
Կարապետյանի պաշտպանության խորհուրդ․ Ապացուցեցինք, որ հայ ժողովուրդը տեր է իր իրավունքներին և ապագային

Երկու ամսով կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը շնորհակալություն է հայտնել հաջակցություն նրա տեղի ունեցած հանրահավաքի և երթի մասնակիցներին՝ ընդգծելով, որ մասնակիցներն «ապացուցեցին բոլորին, որ հայ ժողովուրդը տեր է իր իրավունքներին և ապագային»։

«Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը շնորհակալություն է հայտնում այսօրվա երթի բոլոր մասնակիցներին՝ հասարակական ու քաղաքական գործիչներին, արվեստի և սպորտի ոլորտի ներկայացուցիչներին, պետական ծառայողներին և գործարարներին, և, իհարկե, Հայաստանի բոլոր քաղաքացիներին, նաև բոլոր նրանց, ովքեր հետևում էին մեր հավաքին առցանց, լրատվամիջոցներով։

Այսօր մենք կարևոր գործ արեցինք միասին. ապացուցեցինք բոլորին, որ հայ ժողովուրդը տեր է իր իրավունքներին և ապագային, իր ավանդույթներին ու սրբություններին։ Սամվել Կարապետյանը պետք է ազատ արձակվի ապօրինի կալանքից, մենք պետք է սկզբունքորեն նոր ուժ ձևավորենք ու բռունցք դառնալով լուծենք մեր հայրենիքի առաջ ծառացած բոլոր խնդիրները։

Քանդողները ապագա չունեն Հայաստանում, ապագան կառուցողներինն է», - նշված է հայտարարությունում։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հաշվարկել է հուլիսի 4-ին անցկացված հանրահավաքի մասնակիցների թիվը՝:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:03-ի դրությամբ նշված այգում և հարակից տարածքներում գտնվել է մոտ 7510 մարդ: Նշենք, որ այս հաշվարկում ներառված են ծառերի տակ գտնվող մարդիկ», – ասված է հաղորդագագրությունում։

ԻՔՄ-ը հավելել է, որ մարդաքանակի որոշումը կատարվել է անհատական հաշվարկի մեթոդով՝ կիրառելով օդից արված պատկերների վերլուծություն։

Հուլիսի 4-ի երեկոյան՝ ժամը 18:00-ից, Երևանի «Սիզընս» (նախկին «Մալիբու») սրճարանի հարևանությամբ գտնվող այգում տեղի է ունեցել հանրահավաք, որը նվիրված է կալանավորված ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանին սատարելուն։