Firebird AI ընկերության համահիմնադիր, մի շարք տեխնոլոգիական նախաձեռնությունների առաջատար Ռազմիկ Հովակիմյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել: Նրա անձնագիրը հանձնել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Ռազմիկ Հովակիմյանը համաշխարհային տեխնոլոգիական ոլորտում մեծ ճանաչում ունեցող գործարար է, ով երկար տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել ճապոնական Rakuten տեխնոլոգիական կորպորացիայում՝ ղեկավարելով ընկերության միջազգային ծրագրերը։
Նախորդած տարիներին նա ակտիվ ներգրավվածություն է ցուցաբերել նաև կրթական ու սոցիալական նախաձեռնություններում։ Մասնավորապես, համագործակցելով Լիոնել Մեսսիի Leo Messi Foundation-ի հետ՝ նա համահիմնել է Play Time Sports-Tech Holding ընկերությունը և ստանձնել է գլխավոր տնօրենի պաշտոնը՝ նպաստելով նորարարական ծրագրերի իրականացմանն ու թվային լուծումների զարգացմանը։
Ռազմիկ Հովակիմյանը հանդիսանում է նաև Firebird AI ընկերության համահիմնադիրը, որի շրջանակում նախատեսվում է մոտ 500 միլիոն դոլար արժողությամբ արհեստական բանականության խոշոր տվյալների կենտրոնի ստեղծում Հայաստանում։ Այս նախագիծը էապես կընդլայնի Հայաստանի տեխնոլոգիական հնարավորությունները և զգալի ազդեցություն կունենա ոլորտի աճի ու միջազգային ճանաչման վրա։