7 հուլիսի 2025 - 10:28 AMT
Ամիրբեկով․ ՀՀ հետ խաղաղության համաձայնագրի տեքստի քննարկումներն ավարտվել են, բայց կան խոչընդոտներ

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Մեքսիկա կատարած աշխատանքային այցի ընթացքում տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը վերջնականապես համաձայնեցվել է, սկայան «կան խոչընդոտներ»։

Որպես համաձայնագրի ստորագրմանը խանգարող խոչընդոտներ նա նշել է Հայաստանի սահմանադրության մեջ «տարածքային հավակնություններն Ադրբեջանի նկատմամբ», որոնք հակասում են պայմանագրի բովանդակությանը, և այնպիսի կառուցվածքների լուծարման անհրաժեշտությունը, որոնք այլևս չեն համապատասխանում ժամանակի պահանջներին, ինչպես, օրինակ, Մինսկի խումբը, գրում է Minval.az-ը։

Նա նաև ընդգծել է Ադրբեջանի և Լատինական Ամերիկայի երկրների միջև հարաբերությունների կարևորությունը՝ նշելով, որ Մեքսիկան հանդիսանում է կարևոր գործընկեր։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: