Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել է տրանսպորտային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ ԷրդողանիM հայտարարությանը՝ նշելով, որ ՀՀ ապաշրջափակման տեսլականը խարսխված է ինքնիշխանության և ազգային իրավազորության վրա, հայտնում է Արմենպրեսը։
Էրդողանը կրկին անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը՝ օգտագործելով «միջանցք» եզրույթը և ընդգծել, թե Հայաստանը հանդես է գալիս առավել ճկուն դիրքորոշմամբ՝ ձգտելով ներառվել տնտեսական ինտեգրացիայի գործընթացներում։
«Հայաստանը եղել և մնում է շահագրգռված տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման և տնտեսական զարգացման մեջ: Այդ ըմբռնումով է, որ ՀՀ-ն հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ և դրան համահունչ առանձին գաղափարներով, լուծումներով, կառուցողական առաջարկներով։ Մեր կարծիքով, դրանք կարող են փոխշահավետ արդյունքներ ապահովել ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ ավելի լայն աշխարհագրությամբ հաղորդակցությունների ցանցի զարգացմամբ հետաքրքրված գործընկերների համար:
Ինչպես նախկինում, այժմ ևս տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ՀՀ տեսլականը խարսխված է հիմնարար սկզբունքների՝ ինքնիշխանության, կապուղիների նկատմամբ ազգային իրավազորության վրա, և ինչպես հայտնի է, չի ենթադրում այլ տրամաբանություն։ Շահագրգիռ գործընկերների հետ քննարկումները շարունակվում են»,–ասվում է ՀՀ ԱԳՆ մեկնաբանության մեջ։