Մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքներն ավարտական փուլում են: Արձանի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հուլիսի 18-ին, հայտնում է քաղաքապետարանը։
Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ քանդակը կտեղադրվի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում՝ նկարիչ Ժյուլ Բաստիեն-Լեպաժի հուշարձանի փոխարեն, հայտնում է Sputnik Արմենիան։
Բաստիեն-Լեպաժի բրոնզե արձանը կտեղափոխեն մայթին մոտ։
«Մնացել են վերջին շտրիխները, աշխատանքն ավարտման փուլում է։ Քանդակը ձուլվում է Գյումրիում, այս շաբաթ այն կտեղափոխեն Երևան», - ասել է Հովհաննիսյանը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ Երևանի քաղաքապետարանն իր վրա է վերցրել ամբողջ ծախսային հատվածը։
Բաստիեն-Լեպաժի բրոնզե արձանը Հայաստանին է նվիրաբերվել անկախության 20-ամյակի առթիվ 2011 թվականին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Երևան կատարած այցի ժամանակ: Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2011 թվականի հոկտեմբերի 7-ին: