7 հուլիսի 2025 - 14:17 AMT
Սոթքի ղեկավար. Աշխատանքի վայրում չեմ, բայց ձերբակալված էլ չեմ

Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը, արձագանքելով այն լուրերին, թե իրեն և «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանին վաղ առավոտյան ձերբակալել են, պարզաբանել է, որ այս պահին չի գտնվում աշխատանքի վայրում, սակայն ազատության մեջ է։

«Ես այս պահին աշխատանքի վայրում չեմ, բայց ձերբակալված չեմ»,– ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Խաչատրյանն անդրադարձ է կատարել նաև Շահնազարյանի հնարավոր ձերբակալությանը՝ նշելով, որ չունի հստակ տեղեկություն այդ մասին։

«Իր հետ չեմ կարողացել կապ հաստատել, չի պատասխանում»,– ասել է նա՝ հավելելով, որ չգիտի՝ Շահնազարյանի ձերբակալման լուրը ճիշտ է, թե ոչ։

Հարցին, թե իր անձի հետ կապված իրավական գործընթացներ կա՞ն՝ Սոթքի վարչական ղեկավարն ասաց, որ տեղյակ չէ:

«Պետք է հասկանամ»,–ասել է նա։

«Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանին և Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանի ձերբակալության մասին ասվելի վաղ հայտնել էր «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը։