Հուլիսի 4-6-ը Վանաձորում կայացել է տարվա ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումներից մեկը` Tech Week 2025-ը։ Ամերիաբանկը միացել էր եռօրյա տոնին՝ որպես ֆինթեք գործընկեր։
«Նման նախաձեռնություններին մասնակցությունը նախևառաջ կարևոր է երիտասարդների համար, քանի որ նրանք տեսնում, հավատում և հասկանում են, որ կրթությամբ ու ստեղծագործ մոտեցմամբ կարող են կերտել իրենց պայծառ ապագան։ Եվ երկրորդը՝ Հայաստանի համար շատ կարևոր խնդիր է մարզերի համաչափ զարգացումը, և ես ուրախ եմ, որ նմանատիպ միջոցառումները հենց մարզերում են անցկացվում»,- նշել է Ամերիաբանկի ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը, որը Tech Week-ի շրջանակում մասնակցել է «Ֆինանսների ապագան Հայաստանում․ բանկեր, ֆինթեք և web3՝ հակամարտությո՞ւն, թե համատեղում» խորագրով քննարկմանը։
Միջոցառման շրջանակում Ամերիաբանկի ՄՌԿ ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցն էլ մասնակցել է «Ինչո՞ւ և ինչպե՞ս է փոխվում տեխնոլոգիական կարիերայի ուղին Հայաստանում գլոբալ փոփոխությունների պայմաններում» խորագրով պանելային քննարկմանը՝ նշելով, որ տեխնոլոգիան մտել է մեր կյանք և արդեն իսկ դրա անբաժան մասն է։
«Արդյունքում՝ աշխատաշուկայում պահանջված հմտությունները շատ արագ են փոխվում։ Միևնույն ժամանակ, անկախ տեխնոլոգիական հմտություններից, շփման, հաղորդակցման և համագործակցության հմտությունների կարևորությունը ևս չի կարելի թերագնահատել։
Փորձի փոխանակումը, մեր կարծիքների, տեսլականի ներկայացումը, հուսով ենք, կօգնի բոլոր սկսնակներին ավելի հարթ սկսել իրենց կարիերան, իսկ փորձառուներին՝ ձգտել նոր բարձունքների»,–նշել է նա։
Ամերիաբանկի դուստր ձեռնարկության՝ «Դիննո» ՓԲԸ տնօրեն Արտյոմ Շամցյանն էլ Tech Week-ի շրջանակում կիսվել է ընկերության հաջողության պատմությամբ՝ «DINNO-ի առաջին միլիարդը․ հաջողության ճանապարհի 7 սկզբունքը» խորագրով ելույթում։
Tech Week հարթակը հնարավորություն է տալիս ծանոթանալու հայկական ծագումով համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններին, նրանց անցած ճանապարհին, հաջողության պատմություններին և հանդիպած մարտահրավերներին, ինչպես նաև կրկնելու և գերազանցելու այդ փորձը։
Tech Week Armenia 2026-ը կկայանա Գորիսում։
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: